Ֆուրշետների կազմակերպիչը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ երեկ ավարտվեց «Դարմ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Վերջին խոսքով հանդես եկավ Մարատ Օգանեզովը, իսկ պաշտպանական ճառով՝ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Մարատ Օգանեզովը զբաղվել է ֆուրշետների կազմակերպմամբ: Նրա «Դարմ» ՍՊ ընկերությունը գրանցված է եղել հարկային մարմիններում: Օգանեզովը, ըստ իրեն առաջադրված մեղադրանքի, խուսափել է կատարել հարկային պարտավորությունները, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ եւ պետությանը պատճառել է 12.182.000 ՀՀ դրամի վնաս: Մ. Օգանեզովի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:

Մեղադրող Ջ.Ֆարխոյանը դատական վիճաբանությունների փուլում իր մեղադրական ճառի ժամանակ պահանջել էր 3 տարվա ազատազրկում, ապա նրան փոխարինած մեղադրող Ա.Սիմոնյանը բանավոր ասել էր, թե «վրիպակ» է եղել եւ սխալմամբ 3,5 տարվա ազատազրկման փոխարեն միջնորդել են 3 տարով ազատազրկում: Երեկ պաշտպանական ճառի ժամանակ ազատազրկում-«վրիպակի» մասին ակնարկեց պաշտպանը, սակայն որքան էլ տարօրինակ էր, մեղադրող Ա.Սիմոնյանը ռեպլիկի իրավունքից ոչ միայն չօգտվեց, այլեւ չհստակեցրեց ասվածը: Փաստաբան Լիաննա Գրիգորյանը պնդեց, որ անհիմն է առաջադրված մեղադրանքը եւ պահանջեց, որպեսզի արդարացնեն իր պաշտպանյալին: Նա նշեց, որ Մ. Օգանեզովի գործողություններում բացակայում են կանխամտածված սնանկության հիմքերը, այն ավելի շատ կարող էր որակվել անփութություն: Նա հայտնեց, որ Մ. Օգանեզովը 9,5 միլիոնից վճարել է 6 միլիոն դրամը, եւ եթե նա ազատազրկվի, ապա ինչպե՞ս կկարողանա մնացած 3 միլիոն դրամը վճարել: Բացի այդ, շեշտվեց, որ իր պաշտպանյալն ունի բարձրագույն կրթություն, բարեխղճորեն մուծել է հարկերը, ունի անչափահաս երկու երեխա, եւ շուտով մեկն էլ կծնվի, եւ որ ընտանիքի միակ կերակրողն է:

Մ. Օգանեզովը խնդրեց թեթեւ պատիժ: Նա իրեն մեղավոր չճանաչեց կանխամտածված սնանկության գործողություններ կատարելու եւ հարկերից խուսափելու համար: Ի դեպ, պաշտպանը հայտնեց, որ արգելանք է դրվել Օգանեզովի անձնական գույքի վրա, մինչդեռ ՍՊ ընկերությունների մասին օրենքի համաձայն, արգելանք կարող էր դրվել ընկերության գույքի վրա:

Դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց դատավճիռը, ըստ որի Մ. Օգանեզովը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Պատժի չկրած մասը՝ համաներման մասին որոշման համաձայն, կհանվի նրա պատժաչափից: Լ. Գրիգորյանն ու Մ. Օգանեզովը մտադիր են բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Ի դեպ, Հայաստանում 4000-ից ավելի ՍՊ ընկերության տնօրեններ կան, որոնց սպառնում է նույն Օգանեզովի ճակատագիրը՝ կանխամտածված սնանկության գործողություններ կատարելու համար՝ ազատազրկում»,- գրում է «Առավոտը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում