Քոչարյանի որդին ԲՀԿ-ի ցուցակու՞մ

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները’ «Բարգավաճ Հայաստան»-ում այս օրերին սպասում են տեսնեն, թե ինչով է ավարտվելու ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորման գործընթացը. այն լինելու է Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով», ինչպես նաեւ’ իրենց կոալիցիա մտնելու առաջարկ արվելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ որոշելու են իրենց անելիքները:

Մի բան, ըստ նրանց, հաստատ է. ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է առաջիկայում տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Մասնակցության ֆորմատը նույնպես կախված է վերը նշված գործընթացներից:

Ընդ որում, ԲՀԿ-ականները հաստատեցին օրերս իրենց նեղ «կռուգում» շրջանառվող տեսակետը, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում, որ ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին’ Սեդրակ Քոչարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում