Արամ Մանուկյանը սպասում է հստակության, որից հետո կգնա Ազատության հրապարակ. մամուլ

«Առավոտը» գրում է. «Ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը՝ ժողովուրդը և նրա առաջնորդողը»,- երեկ Մարտի մեկի զոհերի հիշատակի հոգեհանգստյան պատարագից հետո այս հարցն ուղղեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ ինքը կգնա Ազատության հրապարակ և կմիանա «բարևի» հեղափոխությանը, եթե հստակություն տեսնի. «Ընդամենը ուզում եմ մի հարց պարզել, հստակություն եմ ուզում, սպասում եմ հստակության և ինքս էլ կգնամ հրապարակ»: Արամ Մանուկյանը նշեց, որ թե ՀԱԿ-ը, թե Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները անմիջապես հայտարարություն են արել, որ չեն ճանաչում այս ընտրությունները, առավել ևս՝ տեղյակ են, թե ինչ է կատարվում. «Կատարվել է մոտավորապես նույնը, ինչ 2008-ին և 2003-ին՝ մասսայական կեղծիքներ: Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները. ոչ լեգիտիմ իշխանություն է, և բնականաբար, ժողովուրդը դուրս է եկել և պայքարում է իր իրավունքների համար: Շատ ուրախ եմ, որ այդ պայքարը կա, մեր ակտիվիստները բոլորը մասնակցում են, բոլորը ցանկանում են, որ փոփոխություն լինի, մենք հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում