Տեր-Պետրոսյանը խուսափե՞ց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այստեղ չէ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրողությունը, «Առավոտի» հարցին 2008 թվականի Մարտի 1-ի գործով ազատազրկված Սասուն Միքայելյանն ասաց. «Ոնց կարամ մեկնաբանեմ: Չի կարողացել գա, բայց ինքն էստեղ ա, էս շարժման բոլոր անդամներն էլ իրար հետ են, իրա հետ են»:

Նկատենք, որ երեկ 2008 թվականի Մարտի մեկի զոհերի հիշատակին մատուցված պատարագին, այնուհետև նաև Մյասնիկյանի արձանի մոտ զոհվածների հիշատակը հարգելու ակցիային ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր: Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները մեկ ժամից ավելի կանգնած էին, ոմանք՝ աչքները Տեր-Պետրոսյանի ճանապարհին: Նա այդպես էլ չեկավ: Որևէ պաշտոնական մեկնաբանություն այս առիթով չհնչեց, սակայն խոսակցություններ էին շրջանառվում, որ Տեր-Պետրոսյանը խուսափել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելուց:

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ներկա էր գտնվել պատարագին, ապա եկավ Մյասնիկյանի արձանի մոտ: ՀՀՇ վերջին համագումարում իր ելույթի ներքաղաքական իրավիճակի մասին վերլուծության հատվածում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքն ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը՝ անցած նախագահական ընտրություններում, բայց Ազատության հրապարակում նրա գլխավորած շարժմանը պաշտոնապես միանալ ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ Տեր-Պետրոսյանը դեռ չեն շտապում: Շատերը, այդ թվում հավանաբար նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում էին, որ Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կբարևեն միմյանց՝ այդպիսով ամրագրելով Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի միացումը հետընտրական զարգացումներին: Սակայն Տեր-Պետրոսյանը չգալով՝ փաստորեն խուսափեց ոչ միայն Րաֆֆիին բարևելուց, այլ նաև այդպիսով «դե ֆակտո» նրա հաղթանակը ճանաչելուց:

«Առավոտի» դիտարկմանը՝ ՀԱԿ-ի և Տեր-Պետրոսյանի հասցեին քննադատական ոճով «Հայկական ժամանակ» թերթում Ձեր տպագրած հոդվածը ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ ՀԱԿ մյուս անդամները չմեկնաբանեցին, բայց ակնհայտ է, որ Ձեր, Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի միջև «չհասկացվածության պատ» կա, Միքայելյանը հակադարձեց. «Ես էլ եմ աշխատում չմեկնաբանել իրենց կեցվածքը»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժմանը: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ փուլում Դուք էլ միանաք դրան՝ պատասխանեց. «Եթե ժողովուրդն է ըմբոստացել… ես միշտ էլ ասել եմ, որ ես ժողովրդի հետ եմ»: Այս ընթացքում Սասուն Միքայելյանը ոչ մի անգամ չի մասնակցել Ազատության հրապարակի հավաքներին՝ առողջական խնդիրների պատճառով, վերջերս վիրահատություն է տարել, դեռ վատառողջ է և ապաքինվում է. «Ես միշտ ասել եմ՝ որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ ես՝ բոլոր ժամանակներում: Իմ պայքարը ոչ վերջանալու ա, ոչ էլ՝ քանի էս երկրում կարգուկանոն չհաստատվի, քանի հայ մարդը իրեն Հայաստանի քաղաքացի չզգա»:

Թերթը հետաքրքրվեց՝ հույսեր փայփայո՞ւմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը հաջողության կհասնի, պատասխանեց. «Ես հույսեր եմ փայփայում, որ ժողովուրդը մի օր կհաղթի, թե ո՞վ կլինի առաջնորդ՝ դա ինձ համար նշանակություն չունի: Կարևորն էս վիճակից դուրս գալն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում