Բարևի դեֆիցիտ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ, ինչպես և հայտարարվել էր, Երևանի սրբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ 2008 թվականի «Մարտի 1»-ի տասը զոհերի հոգեհանգստի արարողություն: Եկեղեցում մեծ բազմություն էր հավաքվել, նույնքան մեծ բազմություն ստիպված էր դրսում կանգնել, քանի որ ներս մտնելու հնարավորություն չկար:

Այնտեղ էին 2008 թվականին դաշինք կազմած քաղաքական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները, անհատներ՝ «ՀԺԿ» առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, 2008-ին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, «Հժ» նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հավաքվել էին նաև հարյուրավոր ակտիվիստներ, ովքեր այս հինգ տարիների ընթացքում օր ու գիշեր պայքարել են Հայաստանում արդարության և օրինականության հաստատման համար: Երեկ բացակայում էր միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ներկաներից որևէ մեկը, ինչպես լրագրողների հարցուպատասխանից էր պարզվել, տեղյակ չէր, թե որն է նրա բացակայության պատճառը:

Սրբ. Սարգիս եկեղեցի էր այցելել նաև վերջին նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության փոքրաթիվ ներկայացուցիչների ուղեկցությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի այնտեղ գտնվելը զրույցների մակարդակում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն տեսակետը, nր այդ քայլն արել է, որպես այլևս ժողովրդի կողմից ընտրված նախագահ, այդպես էլ չհնչեց:

Ի դեպ Հովհաննիսյանն այս օրերին մեծ հաջողությամբ «Բարև» է տանում Հայաստանի տարբեր մարզեր, քաղաքներ և գյուղեր: Երեկ նա հայտնվել էր այնպիսի ժամի, այնպիսի վայրում, որտեղ «Բարևը» ամենապահանջվածն էր: Երեկ 2008 թվականի Մարտի 1-ը, դրան հետևած բոլոր դժվարությունները մի քանի տարի շարունակ ուս-ուսի անցկացրած, իրար օգնության ձեռք մեկնած, մեկմեկու հոգսով ապրած մարդիկ իրար բարևելու լուրջ խնդիր ունեին: Բոլորի հայացքներում անորոշություն էր, թափանցիկություն, նայում էին միմյանց ու չէին նկատում, ավելի հաճախ իրար դեմ դուրս չգալու և իրար աչքերի մեջ չնայելու համար ճանապարհ էին թեքում: Ինչու՝ որովհետև «բարևի» պրոբլեմ կար: «Բարևը» երեկ այդ ժամին, այդ վայրում իսկապես դեֆիցիտ էր: Ինչու այդպես եղավ, ով է մեղավոր, կարող էր արդյոք բոլորովին այլ իրավիճակ լինել, այս հարցերը վաղուց արդեն կորցրել են իրենց արդիականությունը:

Տարօրինակը միայն մի բան է՝ զուգադիպությունը: Առեղծվածային զուգադիպությունը: Փաստորեն մարդիկ, ովքեր 2008-ին Հայաստանում «հեղափոխության» փորձ արեցին, բայց չհաջողեցին, կանգնել էին կողք-կողքի’ առանց «Բարևի» (ու սա չնայած եկեղեցուն, քրիստոնեության պատվիրաններին, «բարևն Աստծունն է» ժողովրդական խոսքին): Ու փաստորեն նրանց կողքին էր նաև մարդ, ով այսօր է ուզում հեղափոխություն անել, նա էլ է փորձում: Նա այս հեղափոխությունը կնքել է տարօրինակ անունով, չի կոչում արդարության հեղափոխություն, ժողովրդավարության, օրենքի իշխանության, քաղաքացու, վարդերի, մանուշակների կամ գույների հեղափոխություն: Նա այդ հեղափոխությունը կոչում է «Բարևի հեղափոխություն»: Իսկապես առեղծվածային զուգադիպություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում