Քաղաքական դիսկուրսը վերածվեց «բազարի»: Կամ ու՞մ պարտվեցին Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը

Փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա շնորհակալություն էր հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրական ողջ գործընթացում աջակցել են նրան, բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները, ապահովել են ազատ ընթացքը և այլն: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև իր մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին և Պարույր Հայրիկյանին: «Նրանք կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, և ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել», – շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նախընտրական փուլում նման հայտարարություններով հանդես էին գալիս նաև նախագահի հիմնական մրցակիցները և հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մինչ օրս ջանք ու եռանդ չի խնայում պայքարը քաղաքակրթության սահմաններում պահելու համար: Այն, ինչը չի կարելի ասել մրցող երկու կողմերի թիմակիցների մասին: Այսօր այլևս ակնհայտ է, որ վիրավորանքները, ատելությունն ու թշնամանքը քաղաքական դիսկուրսը վերածել են սովորական «բազարի»: Եվ այստեղ իր մեծ «նպաստն» է բերել Facebook սոցիալական ցանցը: Այն նույն հարթակը, որը բնութագրվում էր որպես Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու հիանալի գործիք:

Սրա՞ն էին արդյոք ձգտում թեկնածուները: Կարծում ենք՝ ոչ: Համենայն դեպս նրանց լեքսիկոնը այդպիսին չէ և գործերը՝ նույնպես: Կնշանակի, որ Facebook սոցիալական ցանցը շատ ավելի մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա, քան նրանց քաղաքական առաջնորդները: Սա այն դեպքն է, երբ սոցիալական ցանցը հաղթում է քաղաքական գործիչներին, իսկ ամբոխային մտածելակերպը՝ բարեկրթությանն ու հարգանքին: Ցավոք, սա մեր իրականությունն է: Այնպես, ինչպես կա:

 

Քաղաքական դիտարկումների բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում