«Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» բողոքի ցույց Ֆրանսիայում

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» խորագրի ներքո բողոքի ցույց են անցկացրել,որը կազմակերպվել է Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից: Ցուցարարները դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի ղեկավարության արձագանքն էին Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջին: Ելույթ ունեցողները նշել են, որ Սումգայիթի ջարդերից քառորդ դար անց’ ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյաց քարոզչությունն էլ ավելի է սաստկացել’ սերունդներին դաստիարակելով հակահայ ռասիզմի և ռեւանշիզմի ոգով:

Համայնքային կառույցների ղեկավարներն իրենց խոսքում հատկապես դատապարտել են Ադրբեջանի նախագահի կողմից հայկական սփյուռքը որպես թիվ մեկ թշնամի հռչակելը և հայտարարել, որ ծագումով հայ բոլոր ֆրանսիացիները մինչև վերջ պայքարելու են Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման համար:

Նախքան ցույցի սկիզբը’ Ադրբեջանի դեսպանությունը կրկին հուսահատ սադրանքի փորձ էր կատարել՝ իր դիվանագիտական ներկայացուցչության շենքը վերածելով տեղեկատվական վահանակի, և դեսպանության շենքի ճակատային մասում կախել հակահայ քարոզչական պաստառներ, որոնք Ֆրանսիայի համապատասխան մարմինների առաջին իսկ զգուշացմամբ հանվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում