Ա.Մուշեղյան. «Եթե Ր.Հովհաննիսյանը հաղթի, ընդդիմությունն ու իշխանությունն էլ անելիք չեն ունենա»

«Առաջին անգամ Հայաստանում» վերնագրով կարելի է սկսել ներկայացնել Հայաստանի ներկայիս քաղաքական և հասարակական վիճակը: Առաջին անգամ ընդիմադիր թեկնածուն օֆիցիալ ստացավ այսքան ձայն: Առաջին անգամ իշխանության և ընդիմադիր դաշտում խաղացող հիմանակ ուժերի ցանկությունները համընկան»: Այս մասին Times.am-ին հայտնել է «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը

«Երկուսն էլ չեն ուզում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած գործը հաջող ավարտ ունենա, որովհետև դա կլինի իրենց ավարտը:

Իշխանությունը այլևս իշխանություն չի լինի: Իշխանություն չունենալով ՀՀԿ-ից կհեռանան ահռելի թվով մարդիկ, կուսակցությանը թողնելով գրեթե մերկ:

Ընդիմադիր ուժերն էլ անելիք չեն ունենա, որովհետև հասկանում են, որ ժողովուրդը իր քվեն տվեց Րաֆֆիին: Րաֆֆին է այսօր խաղի կանոններ թելադրողը և իշխանության գալով, կդառնա հարցեր լուծողը և ժողովուրդը այս ընդիմադիրների կարիքը այլևս չի զգա: Ժողովրդին որպես ընդիմադիր այլևս պետք չեն գա: Ո՞ւմ են ընդիմություն դառնալու, Րաֆֆիին, թե Րաֆֆիին ընտրած ժողովրդին:

Նրանց մնում է կամ դառնալ ՀՀԿ-ի գործընկերը ընդիմադիր դաշտում, կամ դառնալ Րաֆֆիի կառավարության մաս, քանի որ Րաֆֆին հայտարարում է, որ կոալիցիոն կառավարություն է ստեղծելու, ապահովելով մրցակցային քաղաքական դաշտ: Երկու դեպքում էլ նրանք, այդ ընդիմադիրները, կորցնում են իրենց կարևորությունը և դառնում քաղաքական դիակ:

Հիմա հասկանում եք, թե ինչու են Րաֆֆիին ավելի ուժեղ հարվածում ընդիմադիր դաշտից, քան իշխանական: Րաֆֆիին հարվածելով, նրանց նպատակը մեկն է՝ իշխանության հասնելու շանսը չկորցնելն է, այլ ոչ ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելը: Հակառակ դեպքում իրենց ժողովրդավարության, արժանապատվության և արդարության մարտիկներ ներկայացնողները կլինեին Ազատության հրապարակում, ժողովրդի կողքին: Կլինեին Նիկոլի պես, Կարապետի պես, կլինեին Հրանտի պես, կլինեին Ժիրայրի պես և շատ ուրիշների պես, ովքեր այնտեղ են ժողովրդի համար, ոչ անձի և ոչ էլ կուսակցության»,- կարծիք է հայտնել Ա.Մուշեղյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում