ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Սեդրակ Քոչարյանը

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանը երեկ «Ժամանակին» ասել է, թե առաջին անգամ է լսում, որ Սեդրակ Քոչարյանը Երեւանի ավագանու ընտրություններում կարող է գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը:
«Հիշեցնենք, որ անցած շաբաթ մամուլում հրապարակում կար, թե Ռ. Քոչարյանի ավագ որդին կգլխավորի ԲՀԿ-ի ցուցակը:

2 օր առաջ էլ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էր մեզ հետ զրույցում նշել, թե «Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված ԲՀԿ մասնակցության, ձեւաչափերի տարբերակների կամ առհասարակ հարցերի առումով չի կարող հավաստի տեղեկատվություն լինել, քանի որ կուսակցությունը դեռ չի քննարկել, հետեւաբար՝ չունի որոշում, եւ չկա պաշտոնական տեղեկատվություն»:

Սակայն «Ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ վերնախավը փետրվարի 24-ին Աղվերանում փոքր հավաք է կազմակերպել, որի ժամանակ էլ քննարկվել է այդ հարցը: Ճիշտ է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այդ օրերին Հայաստանում չի եղել, բայց այդ հարցը կուսակցական վերնախավում եւ նաեւ նրա գիտությամբ, այնուամենայնիվ, քննարկվել է:

Ամեն դեպքում, վերը նշված երկու անձինք չէին հերքել, որ Երեւանի ավագանու ընտրություններում Ս. Քոչարյանը չի գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը»,- գրում է «Ժամանակը»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում