Սաակաշվիլին երկրի գլուխն է, բայց գործում է ինքնագլուխ

Վերջերս չէր հաջողվում կազմակերպել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի հանդիպումը և հիմնական պատճառներից մեկը Սաակաշվիլու կամակորությունն էր: Սակայն երեկ կողմերը հանդիպեցին միմյանց և Վրաստանի նախագահը այդ հանդիպումից հետո ևս մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր չէ լուծարել կառավարությունը, քանի որ իշխանափոխությունից հետո կարճ ժամանակ է անցել նոր նախարարների գործունեությունն ադեկվատ գնահատելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Բազմաթիվ շահարկումներն այն մասին, թե ես, հնարավոր է, օգտագործեմ կառավարությունը կամ խորհրդարանը լուծարելու իրավունքը, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառավարությանն ընտրել է վրաց ժողովուրդը, և այն (կառավարությունը) ունեցել է շատ քիչ ժամանակ, որպեսզի ես կամ ժողովուրդն ադեկվատ գնահատական տանք նրա գործունեությանը»,- ասել է Սաակաշվիլին։

Նախագահը վարչապետի հետ հանդիպումն «ինչպես միշտ հետաքրքիր» է անվանել և ընդգծել, որ նման զրույցները պետք է շարունակվեն նաև ապագայում։

Մինչդեռ Իվանաշվիլին նշել էր , որ նախագահ Սաակաշվիլին մինչ իր լիազորուրությունների ավարտը՝ 2013թ-ի Հոկտեմբերը, կգործի իր սեփական հայեցողությամբ, որը չի արտահայտում վրացական կառավարության դիրքորոշումը: Նա մասնավորապես նշել է. «Վրաստանը կշարունակի եվրաինտեգրման և եվրատլանտիզմի որդեգրած քաղաքական կուրսը, սակայն մենք ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները հարևան-բարեկամ պետությունների հետ, ինչպիսիք են’ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան: Կարևոր ենք համարում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացումը և բարելավումը: Մեզ համար կարևոր է մեր տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում խաղաղության ապահովումը: Մենք կշարունակենք կատարել մեր պարտականությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջ: Իսկ Սաակաշվիլիի անպատասխանատու հայտարաությունները վնաս են հասցնում մեր միջազգային վարկանիշին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում