Հ.Աբրահամյանն առաջարկում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծել՝ Ր.Հովհաննիսյանի գլխավորությամբ

Մարտի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր պանթեոն։ ԱԺ նախագահը Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Սպարապետի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեց նրա հիշատակը։

ԱԺ նախագահը ծաղիկներ դրեց նաեւ Հայոց ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Yerkir.am-ի հաղորդմամբ՝, Հ.Աբրահամյանը իրենց հետ զրույցում չի համաձայնել այն դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունները ձախողվեցին, եւ նկատեց, որ իրենք բազմիցս են ասել, որ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ շարունակել քննարկումները:

«Ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել եւս’ ձախողված չեն»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Նա ընդգծեց, որ ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է եւ, բացառությամբ այս հարցի, իրենք պատրաստ են բարձրացված մյուս հարցերի շուրջ քննարկել կամ բանակցել:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց նաեւ, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում’ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում