Պարտատերերը սկսել են ճնշել ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցին

Սթար առևտրային ցանցից հայտնում են, որ մարտի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ ֆիզիկական անձիք, ներկայանալով որպես «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի աշխատակիցներ, ներխուժել են ՍԹԱՐ առևտրային ցանցի Ավան, Հովհաննիսյան թաղ. 24/7 հասցեում գտնվող խանութն ու սկսել են խանգարել խանութի բնականոն աշխատանքը՝ մոտ երկու ժամով փակելով առևտրային տարածքը:

Ընկերությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է.

«ՍԹԱՐԸ ֆինանսական պարտավորություններ ունի «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնք մենք, պայմանավորվածության համաձայն, վճարում ենք հնարավորության սահմաններում: Վերոհիշյալ իրավիճակով պայմանավորված’ կարելի է ենթադրել, որ «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ սեփականատերերը օգտագործում են իրենց աշխատակիցներին՝ մանիպուլացիայի ենթարկելով նրանց, քանի որ նախկինում՝ 21.02.2013թ., նման քայլ արդեն իրականացրել են՝ անձամբ ներկայանալով իրենց աշխատակիցների հետ մեր կազմակերպության գրասենյակ:

ՍԹԱՐԸ պարտավորություններ ունի «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ նկատմամբ, այլ ոչ՝ ֆիզիկական անձանց, և յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ինքնուրույն ղեկավարի իր գործառնությունները:

Մենք ըմբռնումով ենք մոտենում այն մարդկանց, որոնց գործողությունները մեզ վնաս հասցրեցին, քանի որ կարծում ենք, որ նրանք դարձել են իրենց ղեկավարության զոհը, այդ պատճառով չցանկացանք դիմել իրավապահ մարմինների օգնությանը: ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարությունը հրավիրել է վերոհիշյալ անձանց հանդիպման և քննարկման՝ հասկանալու համար նրանց պահանջներն ու վերջ դնելու առևտրային տարածքում առաջացած անընդունելի իրավիճակին, սակայն ցուցարարները հրաժարվել են հանդիպումից:

ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ ղեկավարության հետ բանակցային գործընթացը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում