Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին

«Հրապարակի» տեղեկություններով’ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման առաջարկ է արել թե Գագիկ Ծառուկյանին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն, ի տարբերություն Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանը մերժել է հանդիպման առաջարկը:

Ի՞նչ պատճառաբանությամբ, փորձեցինք ճշտել «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից: Վերջինս ասաց, որ ինքը «տեղյակ չէ եւ առաջին անգամ է լսում այդ մասին»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նոր հանդիպմանը, ապա Խուրշուդյանն ասաց. բացի նրանից, որ իրենք երեկ Սերժ Սարգսյանին հրավիրել էին գալ Ազատության հրապարակ, հանդիպման այլ հեռանկար այս պահին չկա:

Այնուհանդերձ, իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ եւս մեկ հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տեղի կունենա, սակայն արդեն ՍԴ-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի քննությունից եւ որոշումից հետո: Քննարկումն ըստ ամենայնի կվերաբերի նաեւ օրերս խորհրդարանում կիսատ մնացած ընդդիմադիր ընդհանուր օրակարգին՝ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի արած երեք առաջարկություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում