Վ.Սեդրակյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի երեկվա որոշումը

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի համար անհասկանալի են իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և դրա հիմքերը:

«Չենք հասկանում ոչինչ, ինչ կապ ունեն մեղադրանքն ու դրա հիմքերը իմ պաշտպանյալի հետ, տեղյակ չենք մյուս երկու կալանավորվածներն ինչ ցուցմունքներ են տվել: Այդ պատճառով էլ ես այսօր միջնորդություն եմ ներկայացնելու քննիչին, որպեսզի մեզ տրամադրի հիմքերը», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց թեկնածուի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Բացի միջնորդություն ներկայացնելը, Սիրունյանը պատրաստվում է նաև բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը, որի համաձայն, Վարդան Սեդրակյանը 2 ամսով կալանքի ենթարկվեց:

ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով’ նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։ Սիրունյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը ու հաժարվում է ցուցմունքներ տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում