Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Բունդեսթագի նախագահին և շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու և Հայաստան այցելելու համար’ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այցը մեծապես կնպաստի ոչ միայն միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այլ նաև երկու երկրների և ժողովուրդների բարեկամությանը, հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նրա խոսքով’ Եվրոպական ուղղությունը և եվրաինտեգրումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է և այդ տեսանկյունից ևս մեր երկիրը կարևորում է համագործակցությունը Գերմանիայի հետ: Ազգային ժողովի նախագահը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը’ որպես երկրների միջև քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարևոր լծակ: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար’ԳԴՀ Բունդեսթագի նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը շահագրգիռ է խորացնել և ամրապնդել Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նորբերթ Լամմերթի համոզմամբ’ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին: Նա կարևոր է համարել ուղիղ շփումների ակտիվացումը, փոխայցերը, որպեսզի գերմանացի պատգամավորները Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ունենան: Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատել նշանակալի առաջընթացը, որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարական գործընթացներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, փոխվստահության մթնոլորտի ստեղծումը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր նավթադոլարների շնորհիվ տարեց տարի աճող ռազմական բյուջեով, ռազմատենչ հայտարարություններով, շփման գծում դիպուկահարների կրակոցներով խոչընդոտում է հարցի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը: Նա ցավով նշել է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը’ նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:

Նորբերտ Լամմերթը նույնպես կարևորել է տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը ‘ նշելով, որ իր համար տեսանելի է, թե ինչպիսի բարդությունների է բախվում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Վերջում ԳԴՀ Բունդեսթագի նախագահը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: Նորբերտ Լամմերթը Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում