Ինչու՞ է դիտորդը «ոչխար» անվանել ընտրողներին. Բուռն քննարկում ԿԸՀ-ում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց Արտաշատի տարածաշրջանն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում դիտորդություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիմումը’ նախագահի ընտրությունները կայացած համարելու մասին թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը:

ԻՆչպես տեղեկացնում է Panorama.am-ը, մինչ որոշումը կայացնելը ԿԸՀ նիստն անցավ թեժ մթնոլորտում: Դիմումը ԿԸՀ ներկայացրել էին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, այսօրվա նիստում դիմումի ներկայացմանը նրանց միացավ նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: Դիմումի ներկայացմանը ներկա էին նաև տարբեր ընտրատեղամասերում նույն ՀԿ-ի անունից դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ամբողջությամբ ուսումնասիրել է դիմումատուների ներկայացրած 47 տեսասկավառակներ, որոնց մեծ մասը կրկնում են միմյանց:

«Այստեղ կան սկավառակներ, որոնք մեկը մյուսին նույնությամբ կրկնում են, ի՞նչն է եղել պատճառը ստեղծել իմիտացիա շատ սկավառակ ներկայացնելո՞ւ, թե՞ ինչ», -դիմելով դիմումը ներկայացրած Տիգրան Եգորյանին’ հարցրեց Մուկուչյանը: Եգորյանի համար դա զարմանալի էր, և նա ասաց, որ «իմիտացիա» ստեղծելու նպատակ իրենք չեն ունեցել ու շատ հանարավոր է, որ մի քանիսը կրկնվեն: Մեկ այլ տեսասկավառակում էլ, որը ներկայացվեց ԿԸՀ նիստի ընթացքում, ընտրատեղամասում կատարված լուսանկարների հետ միասին կային նաև հանրահավաքային լուսանկարներ:

Մեկ այլ տեսանյութի վերաբերյալ, Մուկուչյանը դիմումատուներին հարցեր ուներ. ԿԸՀ նիստում ցուցադրված տեսանյութում լուսանկարող աղջիկը հեռախոսով խոսելիս ընտրության գնացող մարդկանց անվանում է ոչխարներ:

«Ոչխարներին տանում են ընտրության» կամ «էս ոչխարները գնում են ընտրության» տեսանյութից լսվող այս նախադասությունների վերաբերյալ ԿԸՀ նախագահը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դիտորդը նման որակումներ տալիս Հայաստանի քաղաքացուն: «Ոչխար» բառի հեղինակ Աննա Շահնազարյանը, պարզվեց սրահում էր: Նա ասաց, որ դիտորդ չէ, այլ’ լրագրող, սկզբում հրաժարվեց, որ նման բառ է ասել, այնուհետև ընդունեց, որ բառի հեղինակն է ու ասաց, որ այդ բառն «ընդամենը մետաֆորա է, որը պատկեր է ներկայացնում»: «Բոլոր մարդկանց ուղղորդում են ընտրության, և ես փորձել եմ մետաֆորիկ ձևով ներկայացնել իրավիճակը», -վրդովված հայտարարեց լրագրողը: Այնուհետև Եգորյանը բացատրեց, որ տարբեր պատճառաբանություններով ընտրողներին «բերման են ենթարկում ընտրության» և մասնակից են դարձնում ընտրության:

Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ իր հերթին հորդորեց քննարկումն անցկացնել ըստ էության և ներկայացնել կոնկրետ խախտումներով տեսանյութերը: Սակայն Մուկուչյանը շարունակելով նիստը հայտարարեց. «Կան հոլովակներ, որ միայն հատակ է նկարված և որևէ իրավախախտում չկա: Եթե բերվում է ապացույց, արդյո՞ք ապացույցը պատշաճ ներկայացնելու կանոն չկա: Եթե բերվում է ապացույց, արդյոք ապացույցը պատշաճ ներկայացնելու կանոն չունի՞: եթե բերվել է ապացույց, որը հստակ բան չի ասում, ինչու է բերվել», -հետաքրքրվեց Մուկուչյանը: Ի պատասխան, Եգորյանն ասաց, որ նյութերը մեծածավալ են եղել, իսկ ժամանակը’ սուղ, հետևաբար հանարավոր է որոշ բացթողումներ եղած չլինեն ու խնդրեց նիստը նախագահողին ներկայացնել բացահայտ խախտումներ պարունակող տեսանյութերը:

Այդպիսի բովանդակությամբ տեսանյութեր ԿԸՀ նիստում չցուցադրվեցին, և Մուկուչյանն ասաց, որ կոնկրետ ընտրախախտում պարունակող տեսանյութերը կուղարկվեն դատախազություն դրանց վերաբերյալ քննություն իրականացնելու համար: Ըստ ԿԸՀ նախագահի, իրավապահ մարմինների կողմից քննության ավարտից հետո հնարավոր է տվյալ դեպքերով ԿԸՀ-ն վարչական վարույթ իրականացնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում