Գյումրիում պատրաստ են Շուշան Պետրոսյանին օճառներ և «խիյարներ» նվիրել

Հայկական ժամանակ թերթը գրում է, որ Շուշան Պետրոսյանը հնարավոր է թանկ վճարի «Կենտրոն» ՀԸ եթերում’ «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած խոսքերի համար: Մարտի 13-ին Գյումրիում կայանալիք նրա ջազային համերգի ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր-երգչուհուն անակնկալ է սպասվում, հնարավոր է’ «խիյարի» տեսքով: Հաղորդաշարի ժամանակ Պետրոսյանը, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել է, թե ազնիվ չէ’ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի: Եվ հիմա Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում, որում ընդգրկվել են հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտոդ գյումրեցի ուսանողներ, ովքեր վերջին օրերին այլ ակցիաներ էին անում Հայաստանի երկրորդ քաղաքում: Նրանցից մեկը’ Արսեն Վարդանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է. «Միանշանակ է, որ լինելու է’ սառը (նկատի ունի երգչուհուն դիմավորելը-խմբ.), կշռադատված վերաբերմունք, օճառներ ու «խիյարներ» էլ հնարավոր է նվիրենք, բայց դա հավանաբար կլինի այն դեպքում, երբ ամեն ինչ հասնի դրան, այսինքն պաշտոնական ոչ մի արձագանք չլինի, քանի որ մամուլից տեղեկացել ենք, որ երգչուհին ասել է’ լավ էլ կայանալու է համերգը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում