Ռուսաստանն ու Իսրայելը միավորել են ջանքերը Լապշինի արտահանձնումը թույլ չտալու նպատակով
Նմանատիպ
Ռուսաստանն ու Իսրայելը փաստացիորեն միավորել են ջանքերը Բելառուսից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան թույլ չտալու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Interfax-ի բելառուսական ծառայությանը հայտնել է իրադրությանը ծանոթ անանուն աղբյուրը:
«Այն բանից հետո, ինչ բելառուսական կողմն ընդունեց որոշում Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի ներկայացուցիչները բլոգերի հետագա ճակատագրի վերաբերյալ անցել են առավել ինտենսիվ շփումների»,- ասել է աղբյուրը: Մասնավորապես, երկու երկրի դեսպանները երրորդ երկրում բանակցություններ են վարել:
«Խոսքը Լապշինի արտահանձնումն ու քրեական պատասխանատվության ենթարկելն արգելող ջանքերը կոորդինացնելու մասին է»,– հայտնել է նա:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա դիմումը մերժվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում