Մշակույթի նախարարությունը որոշել է ապամոնտաժման աշխատաքներ սկսել Փակ շուկայում

Մարտի 6-ին՝ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է՝ ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 1855 թ. Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցիների վերակառուցման, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի Սբ Մարինե եկեղեցու վերականգնման էսքիզային նախագծերը:

Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Երևանի Մաշտոցի պողոտայի Կենտրոնական ծածկած շուկայի հարցը:

Վերջինիս կապակցությամբ գիտամեթոդական խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն՝ այն է. «Իրականացնել նախագծով նախատեսված Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում