Այս տարի Հայաստանը դեսպանություն կբացի Վիետնամում

2013-ին Հայաստանը դեսպանություն կբացի Վիետնամում: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը:

Վերջին տարիներին Վիետնամի տարածաշրջանային և միջազգային դերակատարությունը զգալիորեն ակտիվացել է: Վիետնամն ակտիվ ներգրավվածություն ունի ԱՍԵԱՆ-ի և Չմիավորված երկրների շարժման շրջանակներում, ինչպես նաև զգալի կշիռ՝ ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություներում: Երկրի տնտեսության կառուցվածքը և զարգացվածության աստիճանը լավ հնարավորություններ են ընձեռում նրա հետ առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության ծավալման համար:

Վիետնամի հետ հարաբերությունների զարգացման որակապես նոր մակարդակ է արձանագրվել ՀՀ Նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի՝ 2012թ. ընթացքում կատարած այցերի շնորհիվ: ՀՀ Նախագահի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար տրվել է ՀՀ Նախագահի հանձնարարականը, որով նախատեսվում է նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպանության հիմնումը 2013 թ.:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման՝ 2013 թ. ՀՀ դեսպանության հիմնումը Վիետնամում հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ օգտագործել երկկողմ գործակցության առկա ներուժը, այլև կխթանի շփումները տարածաշրջանի երկրների հետ, որով այդ դիվանագիտական ներկայացչությունը ձեռք կբերի տարածաշրջանային նշանակություն: Դեսպանության բացումը իր նպաստը կունենա նաև գործարար կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության զարգացման հարցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում