«Ինձ համար բոլոր մարդիկ հավասար են». Շիրակի նորանշանակ մարզպետը խնդիրներ չի ունենա Վ.Ղուկասյանի հետ

«Շիրակի մարզում շատ դժվարություններ և խնդիրներ կան»: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ է տեղեկացել իր նշանակման մասին:

Պատասխանելով այն հարցին, թե որն է լինելու Ֆ.Ցոլակյանի առաջին աշխատանքը նոր պաշտոնում՝ մարզպետը նշել է. «Ինձ հարկավոր է հասնել տեղ, քննարկել աշխատանքները և աշխատել լուծել որոշ հարցեր: Կադրային փոփոխություններ ես սովորաբար չեմ անում, աշխատանքի ընթացքում դա կորոշվի: Սկիզբը կլինի զուտ աշխատանքային ծանոթություններ: Էսօր դրա ժամանակը չի և չենք գնում էնտեղ ծանոթ-բարեկամի խնդիր դնենք»:

Անդրադառնալով Շիրակի մարզում առկա խնդիրներին, որոնցից բնակչությունը բողոքում է, Ֆ.Ցոլակյանն առանձնացրել է սոցիալական ծանր պայմանները, որոնց պատճառն, ընստ նրա՝ այն է, որ գյումրեցին ցանկանում է երևանցու նման ապրել. «Գյումրին մի քաղաքային բնակչություն է և քաղաքային կյանքին սովոր բնակչություն: Գյումրեցին ուզում է ապրել երևանցու նման, ավելի վատ չի ուզում ապրել և ժամանակին ապրել է նման կյանքով, որն էլ ձգտելու առիթ է տալիս՝ ավելի բարեկեցիկ կյանք ունենալու համար»:

Այն դիտարկմանը, թե արդյոք նորանշանակ մարզպետին չի անհանգստացնում Շիրակում առկա կրիմինալի մեծ տոկոսը և արդյոք դա չի դժվարացնի իր աշխատանքը, Ֆ.Ցոլակյանը պատասխանել է. «Մարզպետի և մարզպետարանի աշխատանքը ժողովրդի սոցիալական վիճակի հետ կապված հարցի լուծումն է և ընդհանուր մարզի՝ գոյություն ունեցող կառույցների աշխատանքի կարգավորումը: Կրիմինալ ասվածը բոլոր տեղերում ինչ-որ չափով կա, բայց այդ ուղությամբ աշխատում են համապատասխան մարմինները, ոչ թե մարզպետարանը: Չեմ կարծում, որ դա ինձ համար դժվարություններ կստեղծի»:

Իսկ այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորանշանակ մարզպետի համար խնդիրներ առաջացնի, մարզպետը հավաստիացրեց, որ Վարդան Ղուկասյանը իր համար ոչ մի խնդիր չի ներկայացնում: Նրա հետ վերջինս նորմալ հարաբերությունների մեջ է:

«Ես չգիտեմ, ով ոնց է զգում, ինձ համար բոլոր մարդիկ էնտեղ հավասար են, ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Ճիշտ պահվածքի դեպքում բոլորը հավասար են»,- ասել է նորանշանակ մարզպետը:

Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մինչ այս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում