Երևանում զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր են մշակվել մասնավոր ներդրողների համար

Երևանում զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի շրջանակներում մշակվել են ներդրումային փաթեթ-առաջարկներ մասնավոր ներդրողների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ի ասուլիսում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքների համակարգող, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։

Նա հավելեց, որ այդ ամենն արվում է մասնավոր ներդրողների գրավելու նպատակով։
Փաթեթները ներառում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Շենգավիթ, Կարմիր բլուր հնավայրերի վերանորոգման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման, «Հաղթանակ» զբոսայգու, Հրազդանի կիրճի տարածքների վերակառուցման և արդիականացման ծրագրեր։

«Մենք շատ ենք կարևորում Երևանի կենդանաբանական այգու արդիականացման ծրագիրը։ Նպատակներից մեկն այն է, որպեսզի այգին տարածաշրջանում գրավիչ ու հետաքրքիր զբոսաշրջային վայր դառնա»,- ասաց Բարաղամյանը։

Նա նաև շեշտեց, որ ավարտվել են «Վերնիսաժ»-ի վերակառուցման և արդիականացման ծրագիրը։ Տարածքի կանաչ մակերեսը կազմում է 6000 քմ։ «Հանրապետության և Խանջյան փողոցների կողմից կառուցվել են շատրվաններով հրապարակներ, իսկ միջնամասում՝ 7 ցայտաղբյուրներով հրապարակ։ Այգու կահավորանքն ամբողջությամբ փոխարինվել է նորով՝ տաղավարներ, նստարաններ և աղբամաններ։ Նորացվել է լուսավորության ցանցը»,- հավելեց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում