Հայ-վրացական ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

Մարտի 7-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Այնուհետև Սեյրան Օհանյանը և Իրակլի Ալասանիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են ռազմական ոլորտում միջգերատեսչական համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձանագրել է երկկողմ հարաբերությունների արդյունավետությունը և ներկայացրել բանակցությունների արդյունքները: «Հայ և վրացական ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և դինամիկ կերպով զարգանում է:

2013թ. համար մենք արդեն որոշել ենք մեր համագործակցության շրջանակները: Պայմանավորվեցինք ընդլայնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության իրավական դաշտը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել փոխշահավետ պայմանագրեր ստորագրելու համար: Արդեն լավ նախադրյալներ կան լեռնային պատրաստության, ռազմական կրթության, խաղաղապահության, պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար:

Վստահաբար կարող եմ ասել, որ լի ենք վճռականությամբ նշվածն իրականություն դարձնելու և ամրապնդելու վստահության այն մթնոլորտը, որը ձևավորվել է դարերի ընթացքում’ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության և բարեկեցության: Մենք միակարծիք ենք’ տարածաշրջանում առկա հակամարտությունները բանակցությունների և երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Իրակլի Ալասանիան շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ջերմ ընդունելության համար’ նշելով, որ քննարկվել են ինչպես կրթական, այնպես էլ ռազմավարական ոլորտին առնչվող այլ հարցեր: Վրաստանի պաշտպանության նախարարը հիշեցրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի’ Հայաստան կատարած պաշտոնական այցելության մասին և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները հետագայում էլ ավելի պետք է զարգանան և խորանան: Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին’ Իրակլի Ալասանիան մասնավորապես ասել է. «Տարածաշրջանային անվտանգությունը մենք’ Հարավային Կոսկասի պետություններս պետք է ստեղծենք: Տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները հարկավոր է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով»:

Ասուլիսի ընթացքում Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պատասխանել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում