Պ.Հայրիկյան. «Դատարանը սահմանափակել է ազատ խոսքի արտահայտման իրավունքը»

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձել պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու վերաբերյալ կոմունիստներ Գեղամ Գալստյանն ու Նորիկ Պետրոսյանն ընդդեմ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքացիական գործը: Այս անգամ այն քննվում է դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ:

Հայցվորները 2011թ. դեկտեմբերի 16-ին ներկայացված հայցադիմումով դատարանից հայցում էին պարտավորեցնել պատասխանող Պարույր Հայրիկյանին հերքելու «Հրապարակ» օրաթերթում զետեղված իրենց պատիվը արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունները։ 2011թ.-ի հուլիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Հունիսի 12-ի «Հայոց հարց» հաղորդաշարի թեմայով կոմունիստների անունից տպագրվել էր «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» հոդվածը, 2011թ.-ի հուլիսի 9-ին նույն օրաթերթի «Պատասխան» խորագրի ներքո Պարույր Հայրիկյանի անունից տպագրվել էր «Հայհոյելը թուլութեան խոստովանութիին է» հոդվածը և 2011թ.-ի հուլիսի 20-ի «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Դատի տա՞լ, թե’ Չտալ, այս է խնդիրը» հոդվածը: Վեճի առարկա է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում «Լուրեր» խորագրի ներքո տպագրված «ՀՀԿ-ի ծնողը» հոդվածը:

Հայցվորներն առանձնացրել էին 19 տեղեկությունները, որոնք, ըստ նրանց, պարունակում են «վիրավորանք, զրպարտանք», այդ թվում՝ «Պատմության աղբանոցում հայտնված կոմունիստական ուժերի մնացուկներ», «Ցավոք սրտի, դուք այդ դաշտը մտաք ձեր բոլշևիկյան ավազակային ու հանցավոր բարքերով», «Հայ ժողովրդի եղեռնը կազմակերպել է Սովետական Միությունը», «Լռել և փառք տալ ճակատագրին, որ Նյուրենբերգյան դատավարությունից սպրդեցիք, «Իսկ անկախությունը, հայ ժողովուրդը բոլշևիկյան բռնապետության հետևանքով է կորցրել» և այլն։

Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, 2012թ. մայիսի 4-ի վճռով մասնակի բավարարել էր Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի հայցը: Վճռով Պարույր Հայրիկյանը պարտավորեցվել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակելու սույն վճռի եզրափակիչ’ «վճռեց» մասը: Վճռով Պարույր Հայրիկյանից հօգուտ Գեղամ Գալստյանի պետք է բռնագանձվի 40.000 ՀՀ դրամ’ որպես վիրավորելու հետևանքով փոխհատուցման ենթակա գումար։

Դատարանը գտել է, որ նշված արտահայտություններով հոդվածի հեղինակը նպատակ է հետապնդել դիտավորությամբ, կանխամտածված նվաստացնել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, և պատասխանողն օրենքի ուժով ենթակա է պատասխանատվության այդ մասով: «Արված արտահայտություններն որևէ կերպ դատարանը չի դիտարկում զրպարտության լույսի ներքո, քանի որ դրանց մի մասը, ինչպես վերը նշվեց դիտվում են որպես վիրավորանք, իսկ մյուս հրապարակված փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն դրանցից որոշները իրականությանը համապատասխանելու փաստից անկախ չեն արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը»։

Պատասխանող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ըստ որի Դատարանը հայցապահանջի բավարարված մասով իրավական սխալ գնահատական է տվել վեճի առարկա նյութերին, որոնցում բացակայում է վիրավորական կամ այլ բնույթի որևէ տեղեկություն, չի խախտվում անձի իրավունքները: Այն հանդիսացել է արտահայտված կարծիք, որը պարունակել է քննադատություն և ուղղված է եղել կոնկրետ գաղափարախոսությանը, մինչդեռ’ Դատարանն այն դիտել է որպես վիրավորանք’ սահմանափակելով ազատ խոսքի արտահայտման իրավունքը:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս.Միքայելյանի նախագահությամբ, 2012 թ.հուլիսի 12-ի որոշմամբ, մերժել էր պատասխանողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2012 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ, պատասխանողի բողոքը բավարարել էր և բեկանված մասով գործն ուղարկվել էր ստորադաս դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Ինչ վերաբերում է բողոքի մյուս փաստարկին, որ հայցվոր կողմը բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, նույնպես անհիմն է: Մասնավորապես՝ հաստատվել է, որ վիճարկվող հոդվածը հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 20-ին, իսկ հայցադիմումը Դատարան մուտք է եղել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, այսինքն’ հայցվոր կողմը տվյալ դեպքում պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված վիրավորանքի պահից առավելագույնը վեցամսյա ժամանակահատվածում դատարան հայց ներկայացնելու օրենսդրական պահանջը»: Մինչդեռ, ըստ Վճռաբեկ դատարանի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի’ վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ:

«Նշվածն անհրաժեշտ է եզրահանգելու, թե արդյոք հավանական է, որ պատասխանողի վերջին հոդվածի հրապարակումից (20.07.2011 թվական) սկսած շուրջ հինգ ամիս հետո են համահայցվորները տեղեկացել իրենց իրավունքի խախտման մասին»,- հարց է տալիս Վճռաբեկ դատարանը և եզրահանգման գալիս՝ «ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար’ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում»,- փոխանցում է «Փաստինֆո»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում