«Սա վիճակ չէ, ախպեր». Երվանդ Մանարյանը Ազատության հրապարակում է

Կանանց միջազգային տոնի առթիվ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև դերասան Երվանդ Մանարյանը, ով ողջունելով «տիկնանց փափկասուն հայոց աշխարհի», ասաց, թե խորապես համոզված է, որ այս ժողովուրդն ապրում է իր կանանց շնորհքի շնորհիվ: Նա նշեց, որ կանայք են կարողացել պահել երկիրը, փոխանցում է Tert.am-ը:

Համոզվելու համար, դերասանն առաջարկեց գնալ պատմության խորքերը: «Իմ կեցվածքը , որը կարծում եմ՝ այնքան էլ վատը չէ, ստացել եմ իմ մորից»,- խոստովանեց Երվանդ Մանարյանը, ով ներկա վիճակը որակեց որպես.«Սա վիճակ չէ, ախպեր»:

Անդրադառնալով արտագաղթին՝ Երվանդ Մանարյանն ասաց, որ հայ մարդը պետք է ապրի իր տանը, շատ էլ օտարները հիմա «երեսպաշտություն են անում, բացել են դռներն ու ասում են՝ «համեցե՛ք», բայց վաղը փակելու են էդ դռները»:

Դերասանն ասաց, որ Հայաստանում լավ ապրելու համար շատ բան պետք չէ, ուղղակի, որ հայ մարդը կարողանա «նամուսով ընտանիք պահել», մի բան, որ, ըստ նրա, ցավոք, չի ստացվում:

Վաստակաշատ դերասանը մի մեջբերում արեց Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար»-ից. Երկու ընկերներից մեկը իմանում է, որ կինը դավաճանում է իրեն ընկերոջ հետ, որին ասում է, որ «դուն մեկ սկզբունք ունիս, ես՝ ուրիշ, թող սկզբունքները կռվեն»։

«Չե՛նք ուզում, էդ սկզբունքի կռիվ մեզ պետք չէ, մեզ պետք է կոնկրետ երկիր, որտեղ կարողանանք մեր երեխաներին պահել»,- ասաց դերասանը ու ավելացրեց.«Առանց էն էլ մի կտոր բան է մնացել, հազիվ իրար ոտ տրորելու տեղ, և մենք դժոխքում էլ տեղ չենք ունենա, եթե այն կորցնենք, որովհետև սատանան կասի՝ «քեզ տեղ չեմ տալիս , եթե դու քո երկիրը չկարողացար պահել, էստեղ էլ մի հիմարություն կանես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում