Տարոն Մարգարյանն անձամբ շնորհավորել է Վարդուհի Վարդերեսյանին ու Սվետլանա Գրիգորյանին

«Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է շնորհավորել, Երևանի պատվավոր քաղաքացիներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին ու ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին»: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնելով սիրված արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին՝ հայ բեմարվեստում ունեցած մեծ վաստակի, մարմնավորած դերերով սերունդների դաստիարակության գործում ներդրած ավանդի համար, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու մայրաքաղաքում մշակույթի և մասնավորապես բեմական արվեստի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին: Վարդուհի Վարդերեսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար և նշել, որ գնահատանքն ավելի պարտավորեցնող է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին: Շնորհավորելով տոնի կապակցությամբ, քաղաքապետն ընդգծել է, որ արտիստուհու կերտած կերպարներն այսօր էլ շատ սիրված և ընդունված են հանդիսատեսի կողմից: Դերասանուհին շնորհակալություն հայտնելով և առանձնակի ընդգծելով իր հարգանքը քաղաքապետի նկատմամբ, ջերմ, մտերմիկ մթնոլորտում հուշեր է պատմել իր բեմական կյանքից:

Տոնի առիթով, գարնանային գեղեցիկ ծաղիկներից զատ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը սիրված արտիստներին քաղաքամայր Երևանի հիմնադիր Արգիշտի արքայի պատկերով դրվագված խորհրդանշական հուշանվերներ է հանձնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում