Րաֆֆին Գանդին չէ, հայերն էլ անհամբեր են

«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ «տիտղոսավոր ընդդիմության» կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մեղադրանքները, թե՝ չգիտեն Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ ծրագիր ունի, որպեսզի միանան կամ չմիանան նրան, ուղղակի պատրվակ է չմիանալու համար: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

««Այդ ուժերը պարզապես խանդում են Րաֆֆի Հովհաննիսյանին՝ այդպիսի հաջողության հասնելու համար, այդ ուժերը չեն պատկերացնում, թե ինչպե՞ս կարող են ինչ-որ մեկին միանալ, նրանք միշտ սովոր են, որ իրենց միանան: Եթե այդ հարցը կա, թե ի՞նչ ծրագիր ունի նա, այդ նույնը բանը կարելի էր հարցնել տարբեր ժամանակ ընդդիմության թեկնածուին նախագահական ընտրություններից հետո: «Ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցի պատասխանը ես չունեմ, բայց նրա ղեկավարած շարժումը փոքր-ինչ տարբերվում է նախորդ շարժումներից նրանով, որ նախկինում կար անհանդուրժողականության սուր մթնոլորտ, ատելության հասնող մթնոլորտ, որը երբեմն «արդարացում» էր իշխանությունների կողմից իրենց բռնի գործողությունների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ավելի հանդուրժողական շարժում ծավալել: Չգիտեմ, արդյո՞ք այսպիսի շարժումը հաջողության կհասնի: Եթե սա քաղաքական շարժում է գանդիզմի էլեմենտներով, ապա պետք է ֆիքսենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Գանդին չէ, հայերն էլ ավելի անհամբեր են, անընդհատ գործողություններ են պահանջում: Նախորդ փորձերը, սակայն, ցույց են տվել, որ գործողություններն ավարտվում են կամ բռնություններով, կամ, ցավալիորեն, նույնիսկ զոհերով: Մի կողմից՝ հասարակությունը գործողություններ է պահանջում, մյուս կողմից էլ այդ գործողությունները փակուղի են տանում»,- ասել է իրավապաշտպանը»,- մեջբերում է «168 ժամը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում