«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի». Այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է

«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Այսօր Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանը (Վարդան Ստեփանյան) կդառնար 47 տարեկան:

Նա ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ: Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը: Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ: 1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում: 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում’ սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին: Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի:

«Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ:

1988 թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ:

«Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»:

Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ: «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»,-հետո ավելացրել, որ կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին:

Դուշմանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից … Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի(Արմեն Երիցյան) և Արաիկի(Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: «Եթե զոհվեմ’ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:

Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին’ Երևանում,հայ զինվորների գերեզմանոցում’ Եռաբլուրում:

«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»:

Ժողովուրդը մեծ հարգանքով ու հպարտությամբ է հիշում ու գնահատում այն,ինչ արել է իր համար Վարդանը: Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով: Վարդանի անունով է կոչվում ազատագրված Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաև ԵՊՀ ամբիոններից մեկը, բազմաթիվ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ: Վարդանին է նվիրված Դավիթ Ամալյանի երգերից մեկը, ինչպես նաև Գագիկ Հայկազնունու «Հպարտ գնացեք երգը»: Որդու զոհվելուց հետո մայրը’ տիկին Զարուհին, չնայած դժվարություններին, կարողացավ վերանորոգել բնակարանը և նրա տունը դարձնել տուն-թանգարան’ընդարձակ գրադարանով: Մուտքն այստեղ ազատ է և այցելուների պակաս չի լինում: Գալիս են այստեղ սփյուռքից, ինչպես նաև աշակերտներ, ուսանողներ,պատերազմի ընկերները:

Այսօր նախատեսվում է այցելություն հերոսի գերեզմանին Եռաբլուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում