ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ԲՀԿ-ն որոշումներ դեռևս չունեն

Մարտի 11-ին մեկնարկում է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումը, սակայն այս պահին կարելի է արձանագրել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիր»-ն ունեն մասնակցելու վերաբերյալ կայացրած որոշումներ: Ավելին’ նրանք արդեն իսկ հրապարակել են իրենց ընտրական ցուցակների առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների անունները և հայտնել, որ աշխատում են ցուցակն ամբողջացնելու ուղղությամբ, գրում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ի տարբերություն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, մյուս քաղաքական ուժերը իրենց մասնակցության-չմասնակցության, իսկ մասնակցության դեպքում’ նաև դրա ձևաչափի վերաբերյալ մշտապես գործող մարմինների որոշումներ դեռևս չունեն:

Վերջին օրերին շատ է խոսվում «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ ղեկավար մարմինների ներկայացուցիչների միջև տարբեր ձևաչափերով ընթացող քաղաքական խորհրդակցությունների մասին:

Երեկ երեկոյան և այսօր ՀՅԴ-ի նախաձեռնությամբ կայացել է ՀՅԴ, «Ժառանգության» և ԲՀԿ-ի ղեկավար մարմինների երկուական ներկայացուցիչների հանդիպումը: Օրակարգում Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցն էր, որի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել: Մասնակիցներն էլ այլ մանրամասներ չեն հայտնում:

Ինչ վերաբերում է այդ հանդիպմանը ՀԱԿ-ի չմասնակցությանը, ապա ինչպես նախօրեին պարզաբանել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը, պատճառը ՀԱԿ-ում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններն են. «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքը գոյություն չունի, իսկ նորը’ «ՀԱԿ» կուսակցությունը դեռևս կազմավորված չէ: Այդուհանդերձ, նա վերահաստատել է, որ իրենք կողմ ենք ոչ իշխանական ուժերի համախմբմանը, և չի բացառել նաև ՀԱԿ-ի հետ հանդիպման հավանականությունը:

Ի դեպ’ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները’ անկախ նրանից, առանձին, թե դաշինքով կմասնակցեն նախ պետք է հաստատեն սեփական ընտրական ցուցակները:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ կուսակցություններն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով’ իրենց մշտապես գործող մարմնի որոշման, իսկ կուսակցությունների դաշինքները’ դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա:

Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Դրանում թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում և հաստատվում դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող մարմնի որոշմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում