Վրաց քաղաքագետի գնահատականը հայ-վրացական հարաբերություններին

Տարածաշրջանը ներքին համակարգման կարիք ունի, ինչը և անում են Վրաստանն ու Հայաստանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն’ մեկնաբանելով Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի Հայաստան կատարած երկօրյա պաշտոնական այցը:

Akhaltskha.net կայքի փոխանցմամբ քաղաքագետը նշել է, որ, ինչպես վկայում է պամությունը, հնագույն ժամանակներից հայերն ու վրացիները մտերիմ հարաբերություններ են ունեցել, իսկ Վրաստանի համար Հայաստանը մոտ է նաև այն առումով, որ Վրաստանում շատ հայեր են ապրում, ովքեր վրացիների հետ միասին կառուցում են Վրացական պետությունը: Սակայն փորձագետը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև, հարաբերությունների թարմացում է, այլ կերպ ասած’ վերանայում: Վերլուծաբանի կարծիքով՝ Վրաստանն այսօր վերանայում է իր հարաբերությունները Հայաստանի և մյուս հարևանների հետ:

«Այս ամենի ֆոնին կա Հայաստանի հետ համագործակցություն, որն ուղղված է տարածաշրջանային որոշակի խնդիրների լուծմանը: Հայտնի է, որ շրջանը բավականին բարդ է, գտնվում է մի քանի շահագրգիռ երկրների ազդեցության ներքո։ Հետաքրքրված են Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Բնականաբար, շրջանին անհրաժեշտ է ներքին համակարգում, որպեսզի այն չփլուզվի տարբեր մասերի: Այժմ ընթանում է հենց այդ գործընթացը’ շրջանի ներքին համակարգում, ինչը բավական բարդ գործընթաց է»,- ասել է Ռամազ Սակվարելիձե:

Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալը բավականին մեծ փոփոխություններ մտցրեցին Վրաստանի արտաքին քաղաքական կուրսում: Սակայն պետք է զգուշավոր վերաբերվել Իվանաշվիլու վարած քաղաքականությանը և անմիջապես գրկաբաց չընդունել, քանի որ առայժմ հստակ ուրվագծված չէ արդյոք կբարելավվեն հայ-վրացական հարաբերությունները, թե հակառակ միտումներ կնկատվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում