«Երևանը բոլորինն է, և բոլորն էլ պետք է իրենց մասնակցությունն ունենան քաղաքի մաքրության ապահովման գործում»

Մարտի 23-ին և 24-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակների պատշաճ ձևով կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված’ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցի արդյունքում գույքագրվել են այն քրոնիկ վայրերը, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ:

Ինչպես հայտնում են Երևանի Քաղաքապետարանի մամլո ծառայությունից, քայլեր են ձեռնարկվել նաև շաբաթօրյակի ընթացքում անհրաժեշտ քանակով գործիքների և տեխնիկայի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ համապատասխան ծանուցումներ են ուղարկվել պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին:

«Մենք պետք է կարողանանք լիարժեք կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակները և ներգրավել թե պետական և թե մասնավոր հատվածներին: Երևանը բոլորինն է, և բոլորն էլ պետք է իրենց մասնակցությունն ունենան քաղաքի ու բակային տարածքների մաքրության ապահովման գործում»,-աղբյուրի փոխանցմամբ, ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանների տարածքներում, այդ թվում նաև մուտքերում և հրապարակներում նախատեսվող կանաչապատման և ձևավորման աշխատանքների հետ կապված’ զեկուցվել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները քննարկվել են մասնագետների հետ և հաստատված դենդրոնախագծերին համապատասխան ապրիլի 1-ից կսկվեն ձևավորման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում