Ր.Հովհաննիսյանը մի քանի ելք է ներկայացրել՝ հետընտրական իրավիճակից դուրս գալու համար

Հետընտրական ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ԿԸՀ հրապարակած տվյալներով երկորրդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ելք է տեսնում:

«Կարծում եմ, ամենակարճ ճանապարհն այն է, որ պետք է ճանաչվի հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության հաղթանակը»: Այսօր Ազատության հրապարակում գումարած ասուլիսում նշել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով հետընտրական ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից:

Հաջորդ ելքի տարբերակն, ըստ Ր.Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումն է. «Ես վստահ եմ, որ մենք հաղթել ենք: Բայց եթե դուք ունեք այդ ոգին, ինքնավստահությունը, այս իրավիճակը հաղթահարելու նվազագույն կամքը, ուրեմն նշանակեք երկրորդ տուր ընտրությունների: Չե՞ք վախենում, երկուսով, բանավեճով, թող երկրորդ բարձրախոս բերվի, բանավեճ անենք երկուսով, թող ժողովուրդը որոշի»:

«Ճանաչեք ժողովրդի հաղթանակը, կամ նվազագույնը’ ունեցեք այդ սթափ գնահատականը քարոզներից դուրս գալ, կուսակցապաշտությունից հեռու մնալ, սեփական իշխանությունը կորցնելու վախից դուրս գալ, և ասել, այո, պատրաստ եմ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի երկրորդ տուր մտնել, դեմ առ դեմ’ Սերժ և Րաֆֆի: Այդ պայքար է Հայաստանի համար, ոչ թե Հայաստանի դեմ»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում