Անտիպ հատված Հակոբ Հակոբյանի հետ զրույցից

Մարտի 4-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: Օրեր առաջ վարպետը հարցազրույց էր տվել «ՀԺ»-ին, որից մի հատված անտիպ էր մնացել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

««Երբեւէ չե՞ք զղջացել Հայաստան տեղափոխվելու համար»,- հարցրել է լրագրողը:

«Ոչ, չեմ ափսոսացել: Բոլորովին: Ես շատ երիտասարդ էի, երբ որ սկսեցի հետաքրքրվել իմ հայրենիքով: Ես իմացա իմ ժողովրդի պատմությունը, սկսեցի կարդալ հայ գրողների գործերը, շատ սիրեցի Զոհրապին, Ակսել Բակունցին, Եղիշե Չարենցին, Միսաք Մեծարենցին: Հայ դարձա: Ուրախանում էի շատ՝ կարդալով Վահան Տերյանին: Հետո իմացա, որ երկիր ունեմ, որ կոչվում է Հայաստան, Արարատ լեռան փեշերին հազարավոր տարվա բնօրրանն է, իմ նախնիների երկիրն է եւ ասացի՝ ինչո՞ւ ես ապրում եմ օտար երկրի մեջ: Շատ փոքր տարիքից զգացի, որ տան մեջ մի լեզվով ենք խոսում՝ հայերեն, դուրսը՝ արաբերեն: Ասում էի՝ սա ի՞նչ բան է, ինչո՞ւ չկրնամ ապրել մի երկրի մեջ, որ տան մեջ էլ նույն լեզվով են խոսում, փողոցում էլ նույն լեզվով են խոսում, երկրի մեջ էլ նույն լեզվով են խոսում: Այսինքն՝ իմ հայրենիքս, իմ լեզուս, հայ ժողովրդի ստեղծած ամենաբարձր արժեքն է»,-պատասխանեց սիրելի վարպետը»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում