Ընդդիմության տարբեր թևերի զուգահեռ աշխարհները

Հետընտրական շրջանում ընդդիմադիր դաշտի զարգացումները բավական հետաքրքիր հեռանկարներ են բացահայտում։ Չնայած այն հանգամանքին, որ ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է հասարակության դժգոհ հատվածի ձայների բացարձակ մեծամասնությունը, այնուամենայնիվ պարզ է, որ այդ քվեները նրան չեն պատկանում։ Եվ, ինչպես կարելի էր սպասել, հետընտրական փուլում Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնք նախագահական ընտրություններին չեն մասնակցել, դարձյալ քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, ինչը դժվար կացության մեջ է դրել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Վերջինս մարդկանց հրապարակում պահելու համար անգամ ստիպված եղավ դիմել ծայրահեղ քայլի և անժամկետ հացադուլ հայտարարեց։ Մինչդեռ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն, անկախ «Ազատության հրապարակում տեղի ունեցող զարգացումներից, պատրաստվում են մայիսին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին։

Այս ամենն իհարկե վկայում է ընդդիմության տարբեր հատվածների շահերի և առաջնահերթությունների տարբերությունների մասին։ Եվ անգամ հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է մարդկանց հանել հրապարակային պայքարի, ընդդիմադիր այլ ուժերը նրան չեն աջակցում։ Թերևս այս է պատճառը, որ մարտի 10-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին հերթին դիմեց տարբեր կուսակցությունների առաջնորդներին՝ ենթատեկստում ունենալով Գագիկ Ծառուկյանի անունը։ «Ժառանգության» առաջնորդը կոչ էր անում մի կողմ դնել կուսակցական շահերը և կանգնել ժողովրդի կողքին։ Բայց, քիչ անց, ԲՀԿ–ն հրապարակեց քաղաքապետի ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին։

«Բարգավաճ Հայասգանը» փաստորեն անպատասխան թողեց նաև միասնական ցուցակով հանդես գալու ՀԱԿ առաջարկը։ Հրապարակելով սեփական ցուցակի առաջին անունները՝ ԲՀԿ–ն փաստորեն առաջարկեց մնացած ուժերին միանալ իրենց, ինչը քիչ հավանական է։ Եվ ահա ստացվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները դեռևս շարունակում են վերմակը սեփական կողմը քաշելու քաղաքականությունը։ Մինչ մեկը շարունակում է պայքարել նախագահի պաշտոնի համար, մյուսն արդեն քաղաքապետ է ուզում դառնալ և այլն։ Այս ամենը փաստում է, որ իշխանությունների դեմ պայքարի միասնական օրակարգ չկա, իսկ ընդդիմադիր ուժերն էլ ապրում և գործում են թեև զուգահեռ, բայց այնուամենայնիվ տարբեր աշխարհներում։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում