Հ. Թովմասյանը Ա. Ղուկասյանին. այլ փաստեր ունե՞ք

Այսօր Սահմանադրական Դատարանում շարունակվեցին ՀՀ նախագահի թեկնածուԱնդրիաս Ղուկասյանի դիմումը առ այն, որ քննվի Սերժ Սարգսյանի՝ ընտրությունները կազմակերպելու մասին հայտարարությունը, որը նա, մասնավորապես, արել էր աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանգյանին ուղղված պատասխան նամակում: ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի լիազորված ներկայացուցիչ: Ըստ tert.am-ի` Թովմասյանը հարց է ուղղել Ղուկասյանին, թե ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում արդյոք ընկած է Սերժ Սարգսյանի՝ Սերժ Թանգյանին ուղղված հայտնի նամա՞կը, որտեղ վերջինս ասում է, որ ընտրություններն ինքն է կազմակերպել: Նախարարը նաեւ ցանկացավ իմանալ, թե արդյոք դիմումատուն իր դիմումի մեջ այլ հիմք չի ներկայացնում:

Ա. Ղուկասյանն իր պատասխանում նշել է, որ հենց Սարգսյանն էլ այդ նամակում պատասխանել է այդ հարցին: Հրայր Թովմասյանը, սակայն, տարակուսել է` հարցնելով, թե արդյոք Անդրիաս Ղուկասյանը տեղյակ է, թե ինչ է նշանակում փաստի դատարան ու թե ինչ՝ իրավունքի դատարան: Անդրիաս Ղուկասյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով, որ ինքը տեղյակ է, բայց չի պատրաստվում այդ ամենը դատարանում ներկայացնել, քանի որ մինչև գործի քննության ավարտը՝ մարտի 14-ը, չի բավականացնի:

Իր բացատրության մեջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան պնդել է, որ ԿԸՀ-ն գործել է օրենքին համապատասխան:

Հիշեցնենք, որ խնդրահարույց հատվածում Սերժ Սարգսյանը մասնավորապես գրել էր.«Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում