Տիգրան Առաքելյանի՝ ինքնասպանության փորձ կատարած խցակցի հոգեկան վիճակը կրկին ծանր է

Նախկինում «Ժամանակ» թերթն անդրադարձել էր ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խցակցին՝ Սերոբ Մխիթարյանին, ով իրեն մեղսագրված հանցանքը չընդունելով՝ փորձել էր վերջ տալ կյանքին:

«Երիտասարդի հոգեկան վիճակն այժմ կրկին ծայրահեղ ծանր է: Տղայի մայրը՝ Մարիետա Գոքորյանը, երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ այցելել է որդուն, սակայն չի կարողացել նրա հետ որեւէ բառ փոխանակել, եւ սրա պատճառն այն չէ, որ նրան թույլ չեն տվել, այլ այն, որ Սերոբը, նրա խոսքերով, ի վիճակի չէ ոչ խոսել, ոչ էլ կարողանում է ընկալել շրջապատում կատարվող իրադարձությունները։
«Ոչ մի բառ ինձ հետ չկարողացավ խոսել, ո՛չ լողացած էր, ո՛չ սափրված, ո՛չ էլ հասկանում էր, թե ինչ է կատարվում շրջապատում: Ինձ տեղեկացրեցին, որ իրեն պարբերաբար հանգստացնողներ են ներարկում, որպեսզի քնի: Բժիշկն իր մոտ ախտորոշել է դիսոցված փսիխոտիկ խանգարում: Մի քանի օր առաջ իր դատական նիստն էր՝ անշունչ առարկայի նման բերեցին նստարանի վրա նետեցին, դատավորի ոչ մի հարցին չէր կարողանում պատասխանել, որովհետեւ չէր հասկանում, նույնիսկ ինձ թվում է՝ ինձ տեղը չէր բերում: Ես չգիտեմ՝ նման ծանր վիճակում մարդուն պահում են քրեակատարողական հիմնարկու՞մ, թե՞ հիվանդանոց են տեղափոխում, ոչինչ չեմ հասկանում եւ իմ հարցերի պատասխանը չեմ կարողանում որեւէ մեկից ստանալ։ Միայն սրսկումով եւ դեղահաբերով մարդուն կարո՞ղ ես օգնել, ամբողջ օրն այդ վիճակում է՝ ոչ էլ խցակիցների հետ է խոսում, կա՛մ քնած է, կա՛մ էլ ոչինչ չասող եւ չընկալող հայացքով նստած»,- ասաց նա:

Տիկին Մարիետայի հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ քրեակատարողական հիմնարկի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մեզ տեղեկացրեցին, որ փետրվարի 20-ին Սերոբ Մխիթարյանից ստացել են դիմում, որով նա խնդրում էր իրեն բուժօգնություն տրամադրել: Այժմ նա գտնվում է բժիշկների հատուկ հսկողության տակ:

Մեր այն հարցին, թե նման վիճակում ճի՞շտ է արդյոք դատապարտյալին բանտախցում պահելն ու այնտեղ բուժօգնություն տրամադրելը, պատասխանեցին. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ն ունի հատուկ բուժմաս, այժմ նա բազմակողմանի հետազոտություն կանցնի, եւ 2-3 օրից վերջնական պատասխանը կունենանք, թե իր մոտ կոնկրետ ինչ խնդիր է: Եթե պարզ դառնա, որ տեղի բուժմասն իրեն անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող ցուցաբերել, ապա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»»,- մեջբերում է «Ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում