Էրդողանի առողջական թուլությունը կրկին հիշեցրել է իր մասին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական խնդիրները վերջերս իրենց մասին հաճաախ են հիշեցնում: Անկարայի Աթաթուրքի հիվանդանոցում հայտնված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գիշերը հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Ստամբուլ: Նրա առողջական վիճակը վատացել էր մարտի 12-ին:

Բժիշկներից բացի, նրան Ստամբուլ են ուղեկցել կինը’ Էմինեն եւ դուստրը’ Սումեյան: Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաբիհա Գյոքչեն ռազմական օդանավակայանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը’ նշելով, որ օդանավակայանից Էրդողանը մեկնել է Ուսքուդարի Քըսըքլը մասում գտնվող իր տունը:

Անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թուրքիայի վարչապետը երկու անգամ ենթարկվել է վիրահատության: Այն ժամանակ մամուլում հակասական տեղեկություններ էին տարածվել նրա առողջական վիճակի մասին: Բժիշկների մի մասը հայտնել էր, որ նա հաստ աղիքի խնդիր է ունեցել, մի բժիշկ էլ հայտնել էր, որ Էրդողանը տառապում է քաղցքկեղով:

Թուրքական «Հուրիեթի» թերթի փոխանցմամբ դուրս գալով հիվանդանոցից’ Էրդողանը լրագրողներին ասել է, որ «մրսածության պատճառով մի քանի օր կհանգստանա»: Նա նշել էր, որ իր առողջական վիճակի վատանալու պատճառը «գրիպի վարակն է», եւ որ վստահ է’ բոլոր հետաձգված գործերը կկարողանա շարունակել շաբաթվա վերջում: Այն հարցին, թե առողջական վիճակի վատացումը արդյոք կապված է նախկինում ունեցած հիվանդության հետ, Էրդողանը բացասական պատասխան էր տվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում