Արգենտինացի կարդինալը դարձավ Հռոմի Պապ

Ինչպես արդեն տեղեկացրել էր Times.am գործակալությունը, մարտի 13-ի երեկոյան Սիքստինյանն կապելլայի ծխնելույզից սպիտախ ծուխ է դուրս եկել: Դա նշանակում է, որ Հռոմի նոր պապ ընտրելու համար Կոնկլավի հրավիրված 115 կարդինալները կարողացել են ընտրել Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդին: Քիչ անց հայտնի է դարձել, որ Հռոմի 266-րդ Պապ է դարձել Արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն: Որպես Հռոմի Պապ նա այսուհետև հանդես կգա Ֆրանցիսկոս Առաջին անունով:

Համաձայն Կաթոլիկ եկեղեցու ավանդույթի, կարդինալների Կոնկլավը գաղտնիության պայմաններում շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հատնի չդառնա նոր Պապի անունը: Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա ժողովին մասնակից կարդինալների ձայների 2/3-րդը:

Առաջին անգամ Ֆրանցիսկոս Առաջինը Կոնկլավ էր հրավիրվել 2005 թվականին: Այն ժամանակ նրա անունը շոշափվում էր ամենահավանական թեկնածուների շարքում: Եվ չնայած այս ընտրությունների նախաշեմին հիմնականում դիտարկվում էին այլ կարդինալներ, այնուամենայնիվ Պապ ընտրվեց հենց արգենտինացի հոգևորականը: Փորձագետների կարծիքով, դրան նպաստել է այն հանգամանքը, որ կարդինալը աչքի է ընկել համեստ կյանքով և որևէ սկանդալային պատմութան մեջ երբևէ ներգրավված չի եղել: Նա ապրել է համեստ բնակարանում, հրաժարվել իրեն հասանելիք բարձրակարգ Լիմուզինից:

Սիքստինյան Կապելլայի տանիքում սպիտակ ծխի հայտնվելուց րոպեներ անց հնչեցին Սբ. Պետրոս տաճարի բոլոր զանգերը: Քիչ ավելի ուշ եկեղեցուն հարող հրապարակում հավաքաված մի քանի տասնյակ հազարավոր հանրության առաջ դուրս եկավ երքեպիսկոպոս Ժան-Լուի Թորան և հնչեցրեց ավանդական ավետիսը. «Annutio vobis gaudium magnum: habemus Papam!» (Մեծ ուրախություն եմ հայընում ձեզ. Մենք ունենք Պապ): Կարդինալի այս խոսքից հետո պատշգամբում հայտնվեց նորընտիր Հռոմի Պապը՝ Ֆրանցիսկոս Առաջինը:

«Առաջինը եկեք աղոթենք մեր գերաշնորհ եպիսկոպոս Բենեդիկտոս XVI համար», – նախորդ Պապին հարգանքի տուրք մատուցեց Կաթոլիկ եկեղեցու նորընտիր առաջնորդը: Օրհնելով Սբ. Պետրոս Տաճարի առջև հավաքված բազմությանը, նա յուրաքանչյուրից օրհնություն խնդրեց նաև իր անձի համար: «Լռության մեջ խնդրեցեք Աստծուն օրհնի ինձ», – դիմեց ժողովրդին Հռոմի Պապը:

Փորձագետները նշում են, որ նոր Պապի քաղաքականությունը սոցիալական ուղղվածություն կունենա: Դրա մասին է վկայում այն փաստը, որ նա ընտրել է Ֆրանցիսկոս անունը: Ինչպես հայտնի է, սբ. Ֆրանցիսկոսը միշտ օգնել է աղքատներին և կարիքավորներին:

Հատկանշական է, որ Հռոմի Պապի անունը հայտնի դառնալուց հետո կաթոլիկ ողջ աշխարհի ուշադրութունը սևեռվել էր Պապի Twitter-յան էջի վրա, որը Բենեդիկտոս XVI հրաժարականից հետո ապաակտիվացված էր: Եվ ահա մեկ ժամ առաջ այն նորից ակտիվացվել է, որից հետո այնտեղ տեղադրվել է նոր Պապի առաջին գրառումը՝ HABEMUS PAPAM FRANCISCUM:

Հետևեք մեզ նաև Telegram-ում