«Չանախը» դադարեցրել է համագործակցությունը «Սթարի» հետ

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերությունն այս տարվա հունվարից դադարեցրել է համագործակցությունը «Սթար» խանութների ցանցի հետ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««Չանախի» հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը «Ժամանակին» հայտնեց, որ անցած տարվա հոկտեմբերից «Սթարը» դադարել է վճարել մատակարարված ապրանքի դիմաց, եւ այս տարվա հունվարի դրությամբ պարտքը հասել է 25 մլն դրամի:

«Իրենցից մարդ չենք գտնում, որ պարտքը ուզենք: Ոչ ոք չի լսում մեր ձայնը, ո՞ւմ դիմենք: Կաթնամթերքը փողոցային վաճառք չի, պետք է խանութում իրացվի: Իսկ հիմա ում էլ դիմենք, կասեն՝ պարտքը չէր վճարում, ապրանք չտայիք, այդքան չկուտակվեր, բայց մեր մտքով չէր անցնի, որ էդքան մեծ գրուպը նման ձեւով կվարվի»,- ասաց Ղ. Բունիաթյանը՝ հավելելով, որ անցած տարի դիմել էին ՀՀ նախագահի աշխատակազմին, որի միջամտության արդյունքում 7 մլն դրամ «Սթարը» վճարել էր «Չանախին», բայց հետո նորից դադարեցրել էր վճարումները:

Նա նշեց, որ «Չանախն» աշխատում է հաշիվ-ապրանքագրերով, վճարումները կատարում է ժամանակին, եւ հիմա էլ գյուղացիներից մթերված կաթի դիմաց վճարելու համար բանկից 10 մլն դրամ վարկ է վերցրել. «25 մլն դրամն ուր, 10 մլն դրամն ուր: Մանրածախ շուկայում խայտառակ վիճակ է»,- գրում է «Ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում