Ուսանողներին տրամադրվող վարկերն ավելի մատչելի կդառնան

Հանրապետության բուհերի ուսանողներին կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքներով ուսումնական վարկեր: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որի համաձայն՝ պահուստային ֆոնդից ֆինանսների նախարարությանը կհատկացվի 21.5 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, ծրագրի հիմնական նպատակն է թեթևացնել պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի կարգով ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը և հարթեցնել ու ավելի գրավիչ դարձնել բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհը:

Ըստ Վ.Գաբրիելյանի՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր ուսանողի նախատեսված է տրամադրել մինչև 1 միլիոն 800 հազար դրամ վարկ’ տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորելու է կառավարությունը, իսկ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար կառավարությունը կսուբսիդավորի 3 տոկոսը:

Նախարարի խոսքերով՝ վարկը տրամադրվելու է մինչև 10 տարի մարման ժամկետով, առաջին չորս տարվա ընթացքում մարվելու են միայն տոկոսադրույքները: Վարկային ծրագիրն իրականացնելու է «Բնակարան երիտասարդներին» դրամավարկային ունիվերսալ կազմակերպությունը:

Համաձայն կանխատեսումների գերազանցիկները կկազմեն ծրագրի վարկառուների մոտ 15%-ը, որի արդյունքում 2013 թվականին Ծրագրի շրջանակներում սուբսիդիաների տրամադրման համար անհրաժեշտ կլինի 4,500 հազ. դրամ’ գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար, և 17,000 հազ. դրամ’ Ծրագրի մասնակից մնացած ուսանողների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում