ՖԱՈՒՍՏուտոպիա. «Սա եմ, մարդիկ»: Անուշ Քոչարյան

«Այն, ինչ երկար ժամանակ խմորվում է ներսումդ եւ այն, ինչով ապրում ես ամիսներ շարունակ մի քանի ժամում հանրության սեփականությունն է դառնում: Սրա համար ներքին խորը մի տեղ գուցե նաեւ անհանգիստ եմ, նեղվում եմ, բայց երեկ այն պահն էր, երբ ասացի՝ սա եմ, մարդիկ»,- այսպես է մեկնաբանում իր «ՖԱՈՒՍՏուտոպիա» պիեսը հանրային քննարկման ներկայացրած երիտասարդ ստեղծագործող Անուշ Քոչարյանը:

Գրական ու թատերական աշխարհի ներկայացուցիչները, կինոգետները, ռեժիսորները, արվեստագետները, հավաքվել էին «Tom Collins» ակումբում մասնակցելու Անուշ Քոչարյանի «ՖԱՈՒՍՏուտոպիա» պիեսի հանրային ընթերցմանը: Պիեսը գրվել է 2012 թ.-ի մայիսին, թարգմանվել անգլերեն եւ ներկայացվել BBC-ի ռադիոպիեսների համաշխարհային մրցույթին: Այսքան ժամանակ այն հանրությանը չէր ներկայացվում ելնելով մրցույթի պահանջներից: Այսօր արդեն, ժամանակն էր, որ հեղինակի հույզերն ու ապրումները կիսեն նաեւ ընթերցողները, քննարկեն արվեստագետներն ու ոլորտի անվանի ներկայացուցիչները: Գործողությունների շղթան սկսվում է անակնկալ երկխոսությամբ եւ շարունակվում անսպասելի ուղղություններով: Կնոջ հիմնական ենթագիտակցական շերտերը, որտեղ բնակվում են պիեսի հերոսները’ Երևակայական գեղեցկուհին, Ֆաուստը, սիրեկանները, լցվում են տարատեսակ մտքերով: Գոյություն ունի միայն տիկին Մ-ն եւ սիրեկանները: Իրականությունն էլ միաձուլվում է երևակայությանը այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվում քննիչը: Տիկին Մ-ի, նրա սիրեկանների եւ ենթագիտակցության խորքերից հայտնված հերոսներին մարմնավորել էին երիտասարդ դերասաններ Զարուհի Հակոբյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Ամալի Քոչարյանը, Սամվել Գեւորգյանը, Լեւս Դավթյանը եւ Աշոտ Ղազարյանը: Հանրային քննարկմանը հրավիրված հատուկ հյուրերն էին ռեժիսոր, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր-բեմադրող Սուրեն Շահվերդյանը, բանաստեղծ Վահե Արսենը, և այլոք: կինոգետ Հարություն Զուլումյանը, քանդակագործ-արվեստագետ Վիգեն Ավետիսը (Իտալիա) եւ այլք:

Անուշ Քոչարյանի խոսքերով՝ «ՖԱՈՒՍՏուտոպիա»-ի գլխավոր հերոսը հենց Ֆաուստն է, բայց անվանումից կարելի է հասկանալ, որ իմաստը ուտոպիական է. նա ընդամենը գլխավոր հերոսուհու’ տիկին Մ-ի ենթագիտակցության շերտն է: Պիեսը ծնվել է հեղինակի համար այնպիսի մի շրջանում, երբ ԱՄՆ-ից վերադարռնալով զգացել էր միջավայրի վակուումը, ու պետք է դուրս հորդեր զգացածը՝ արդեն արձակի տեսքով: «Երեք օր շարունակ գրեթե ոչնչի համ չէի զգում, հերոսներս ինձնից առաջ էին ընկել…Ես իսկապես չէի էլ կարող եզրակացնել, որ տիկին Մ.-ն այդքան խորությամբ ամբողջ էությունովս տարածվելու է ու իր հիվանդ երևակայության մետաստազներն է տալու»,-պիեսի ստեղծման մասին պատմում է հեղինակը: Ներկաներից ու հատուկ հյուրերից յուրաքանչյուրն իր մոտեցումն ուներ, իր տեսակետը. կինոգետ Զավեն Բոյաջյանի խոսքերով՝ նկատվում էր, որ սա դրամատուրգիայում հեղինակի առաջին փորձն է, բայց կինոգետը չժխտեց այն հանգամանքը, որ նմանատիպ համարձակ քայլերի՝ հանրային կարծիքներ լսելու մղման շնորհիվ հեղինակի աշխատանքները խոստումնալից կլինեն: Ռեժիսոր, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ կարևորեց հենց հեղինակի համարձակությունը, անվախ մոտեցումը պատմության բոլոր ժամանակներում կերտված Ֆաուստի կերպարը եւս մեկ անգամ կերտելու համար:

Ռեժիսոր բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն էլ, որ ընթերցումից անմիջապես հետո մեկնելու էր Ամստերդամ, կարևորեց իրադարձությունը, քանի որ այն նորություն է մեր իրականության մեջ, բայց խոստացավ մանրամասն խոսել երբ անձամբ ևս մեկ անգամ կընթերցի պիեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում