Մարիամ Գեւորգյանի գործով հաջորդ դատական նիստը վաղն է

Մարտի 15-ին ժամը 14:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Մարիամ Գևորգյանի գործով հերթական դատական նիստը:  Այս մասին տեղեկացնում են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից: 

Դատարանն այս անգամ վճռել է դատական նիստն անցկացնել դռնբաց կարգով, ուստի գործով հետաքրքրված անձինք, լրագրողները կարող են մասնակցել դատական նիստին:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու’ Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ’ Զիրոյանն ազատ է արձակվել’ Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով: Հայկանուշ Միքայելյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում’ դատապարտվելով 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը միաժամանակ որոշեց կիրառել համաներում և նշանակված պատժի չափը 1/3 –ով կրճատել, իսկ այնուհետև հանեց ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Տուժող Մարիամ Գևորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ամբողջությամբ դատարանը թողեց առանց քննության և չբավարարեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում