Գալուստ Սահակյանն էլ հացադուլ կհայտարարի

«Կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը»,- Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսում երեկ արած այդ արտահայտությունը հավանաբար պատճառ կդառնա, որ առաջիկայում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ևս «նստի հացադուլի»: Երեկ ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Առավոտի» հետ զրույցում այդ կերպ իր վրդովմունքն արտահայտեց Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ ինքն ո՞ւմ ինքնաբացարկն է պահանջելու, Գալուստ Սահակյանն ասաց. «Հիմարությունն էլ իր աստիճաններն ունի: Ազգը պիտի մի քիչ տեղը տեղին կարողանա իր հպարտության մասին մտածել: Ի՞նչ է նշանակում՝ բոլոր իրավական հիմքերը Սահմանադրական դատարանով, աշխարհով, մեր մոտեցումներով հիմնավորված են: Կարող է, ենթադրենք, էպոսագետն էլ, մյուսն էլ, էն մյուսն էլ նույն խնդիրը դնեն: Չեմ ուզում այդքան ծիծաղելի դառնանք աշխարհի առջև: Ընդամենը դա»: Խոսելով նախագահի թեկնածուների՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումների և դրանք մերժելու ՍԴ-ի որոշման մասին՝ ՀՀԿ փոխնախագահը չի կիսում կարծիքները, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիրքերը ՍԴ-ում թույլ էին: Նա ավելի կտրուկ մոտեցում ունի. «Ընդհանրապես իրավական հիմնավորում չկար: Դատարանը ոչ թե լիրիկա է, ոչ թե ազարտ է, ոչ թե միտինգ է, այլ իրավական փաստերի հիմնավորումների վերլուծում է ու դրանց հիման վրա կայացրած որոշում»:

Գալուստ Սահակյանը չի կիսում նաև մեր դիտարկումն այն մասին, որ ՀՀ քաղաքացին ոչ ՍԴ-ին է վստահում, ոչ էլ ՀՀ իրավապահ համակարգին: «Ո՞վ ասեց, որ հանրությունը հինգ, տասը, քսան կամ հարյուր հազարն են միայն: Հանրությունը ամբողջ Հայաստանն է, որոնցից մեկը ես եմ, հանրությունը 860 հազար ազգաբնակչությունն է նաև: Էդ ո՞վ որոշեց, որ հանրության կողմից կարող է խոսել անհատապես: Հանրության կողմից խոսում է նա, ով քվեարկությունից հետո կարողանում է հաղթող ճանաչվել: Մեզ մոտ մի աննորմալ երևույթ է տեղի ունենում, ովքեր որ այլ կարծիքի են, ոչ ըմբռնելի կարծիքի, նրանք համարվում են հանրություն: Մնացածները հանրություն չե՞ն: Իսկ մենք գտնում ենք, որ և բողոքողները, և նրանք, ովքեր կարողացել են ճիշտ տեսակետով կողմնորոշվել, բոլորը մեր ազգն են, մեր հանրությունն են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում