124 միլիոն դրամ արժողությամբ բիոզուգարանները չեն աշխատում
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ 2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված բիոզուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ավելին, դրանցից մեկը, որը գտնվում է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի: Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը թերթին տեղեկացրել է, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի օգտագործվում նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոզուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել իր անունն ասել, «Ժողովուրդ»-ին հայտնել է հետևյալը. «Զուգարանները տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից:
Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին»: Այսպիսով’ 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բիոզուգարանները, որ այդքան կարևորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՄՆ դոլարից ավել գումար տվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում