Նաիրա Զոհրաբյանի վերապահումները

«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին’ իր մարդկային աջակցությունը հայտնելու:
«Այս երևույթն ուշագրավ է այն առումով, որ անցած տարվա հուլիսի 24-ին, երբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով սպանված ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով հետաքննության հետ կապված’ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պատրաստվում էին հարցաշար ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը և կառավարությանը, ԲՀԿ-ն չմիացավ այդ փաստաթղթին: Նույն Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում ստորագրել որևէ հարցաշարի համաձայնագրի տակ, որտեղ կա «Ժառանգության» թեկուզև մեկ անդամի ստորագրություն»:

Թերթը զրուցել է Ն. Զոհրաբյանի հետ’ պարզելու համար, թե ինչպես է նույն ԲՀԿ-ն փորձում համագործակցել «Ժառանգության» ղեկավարի հետ: «Դա իմ անձնական հայտարարությունն է եղել, և ես շարունակում եմ պնդել, որ ես լրջագույն վերապահում ունեմ’ «Ժառանգություն» խմբակցության աշխատաոճի հետ կապված: Բայց դա չի նշանակում, որ ես ինձ պետք է թույլ տամ հեգնել Րաֆֆի Հովհաննիսյանին…»,-նշել է Ն. Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում