ՀՀԿ-ականների շանտաժը՝ Տարոնին չընտրեք, կգա Սեդրակը

Արդեն մի քանի օր է՝ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ «Հայկական ժամանակի» թղթակիցների հետ զրույցում ավելի քան անվստահությամբ են խոսում մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրենց հնարավոր հաղթանակի մասին: Նույն թեմայի շուրջ որոշակի անվստահ շեշտադրումներով, նրանցից ոմանք խոսեցին նաև հրապարակայնորեն՝ անցած շաբաթվա ընթացքում իրենց ասուլիսների ժամանակ:

«Մենք միակ հաղթող ուժն ենք, ժողովրդի վստահությունը վայելող մեծամասնությունը, մյուս բոլորը պետք է մրցեն պատվավոր երկրորդ տեղի համար» ոչ վաղ անցյալում, ցինիկ տոնայնությամբ անընդհատ կրկնվող նախադասությունների հետքն անգամ չի մնացել: Իսկ ահա անհատական զրույցներում նույնիսկ հնչում են կարծիքներ, որ Երևանն այս ընտրությունների արդյունքում հանձնվելու է բոլորովին այլ ուժի, այսինքն ընտրություններում հաղթելու է այդ ուժը, և Երևանի քաղաքապետն ու ավագանու անդամների մեծամասնությունը լինելու են հենց դրա ներկայացուցիչները: Այս տրամաբանությունը որքան էլ բնական է, հաշվի առնելով նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության և նրա ղեկավարի տապալումը, միևնույն ժամանակ տարօրինակ՝ այդ երբ են նրանք ընդունել իրենց թույլ դիրքերը, և ուր կորավ իրենց այդքան բնորոշ ցինիզմը: Բոլոր հիմքերը կան, սակայն, եզրակացնելու, որ հռետորաբանության այս կտրուկ փոփոխությունը բնական և բարոյական պատճառներ չունի, այլ հերթական քաղաքական տրյուկ է: Այն ուժը, որի հաղթանակը ավագանու ընտրություններում, իրենց զրույցներում կանխագուշակում են ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ն է: ԲՀԿ-ականները նույնպես մասնավոր զրույցներում վստահություն են հայտնում, որ Երևանը իրենցն է լինելու: Մինչդեռ ԲՀԿ-ի հաղթանակը ավագանու ընտրություններում այսօր այնքան թեական է, որքան երկու ամիս առաջ ստեղծված որևէ կուսակցության դեպքում կլիներ: Խոսքն, իհարկե իրական հաղթանակի մասին է: Նախագահական ընտրություններից առաջ այս կուսակցության անհասկանալի պահվածքը, և ընտրություններին չմասնակցելու որոշումը նրա համար ճակատագրական եղան փոշիացնելով խորհրդարանական ընտրություններում, կարևոր էլ չէ, թե ինչ գնով, ստացած ձայները: Եվ այդպիսի դիրքերով հավակնել հաղթանակի Երևանում, մեղմ ասած, տարօրինակ է:

ԲՀԿ-ի այսօրվա, առավել քան երբևէ ցածր վարկանիշի փաստը, հանրապետականների համար բնականաբար գաղտնիք չէ: Այդ դեպքում ինչու են նրանք շրջանառում «Երևանն այդ ուժին հանձնելու» մասին խոսակցությունը: Այս հարցի պատասխանը իր ոտքով հասավ «ՀԺ»: Երկու օր առաջ, առաջին ձեռքից թերթը տեղեկություն ստացավ, որ ՀՀԿ-ականները արդեն սկսել են տնետուն մտնել և մայիսի 5-ի ընտրության համար քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքել, որպես երաշխիք, որ այդ անձը ընտրություններում ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու: Իսկ ահա ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար բերվում է շատ լուրջ փաստարկ. «Եթե Տարոնը չդառնա քաղաքապետ, քաղաքապետ կդառնա Ռոբերտ Քոչարյանի տղան՝ Սեդրակը» (սա բառացի ասվել է, մեզ հայտնի քաղաքացուն): ԶԼՄ-ներում արդեն տեղեկատվություն եղել է այն մասին, որ ԲՀԿ ցուցակը հնարավոր է գլխավորի Սեդրակ Քոչարյանը: Իհարկե հետո հերքվել է, հետո հայտարարվել, որ Վարդան Օսկանյանն է գլխավորելու այն, սակայն Քոչարյանների անունն այս իմաստով «զորեղ» է, մեկ անգամ շրջանառեցիր, արդեն կարելի է քաղաքացիներին շանտաժի ենթարկել: Վերջին նախագահական ընտրությունները ստիպել են՝ փաստորեն նոր բան մտածել ձայներ առնելը, «կառուսելները», այլևս արդյունք չեն ապահովում: Բանը հասել է շանտաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում