ՄԻՊ զեկույցը բնապահպանության ոլորտի վերաբերյալ

Այսօր ՄԻՊ-ը հրապարակել է Բնապահպանության նախարարության ոլորտում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը:

Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

• Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված’ Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը և փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ:

• Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում-բողոքներ’ ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերի և/կամ ձկների թունավորման, ապօրինի որսի և փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերի և թափոնների, թունավոր արտանետումների հետ կապված:

• Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավո-րությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերությունների հստակ կարգավորումը:

• Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել ՀԷԿ-երից ջրառի վերաբերյալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

• Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղված հետևողական քաղաքականություն:

• Խիստ մտահոգիչ էին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը:

• Շարունակում է չլուծված մնալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափանիշների մշակման, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասի հայտնաբերման և օրինախախտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառման խնդիրը:

• Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից:

• Մտահոգության տեղիք է տալիս, որ Նախարարությունը մինչ օրս նախաձեռնողական մոտեցում չի ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող տարածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում’ արգելոցներում որսի դեպքերը բացահայտելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

• Շարունակում է չլուծված մնալ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ պատշաճ հանրային քննարկումների կազմակերպան խնդիրը, որի հետևանքով հանրության մասնակցությունը հաճախ ձևական բնույթ է կրել:

Արձանագրված դրական զարգացումները

• Միջոցներ են ձեռնարկվել հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման ուղղությամբ:

• Իրականացվել է բնապահպանական պետական տեսուչներին պաշտոնում նշանակելու հստակ չափորոշիչների մշակում՝ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:

• Միջոցներ են ձեռնարկվել համապատասխանեցնելու օրենսդրությունը Օրհուսի կոնվենցիայի դրույթներին:

Հաջորդիվ կներկայացվեն Օմբուդսմենի տարեկան զեկույցի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության/Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բաժինները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում