«Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում Հայաստանը զիջել է իր դիրքերը

ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը (UNDP) հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքս 2013» ամենամյա զեկույցը, որը ներկայացնում է աշխարհի երկրների բնակչության կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և եկամուտների (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով) ցուցանիշների հիման վրա մշակված համապարփակ վիճակագրություն է, որով երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող 4 ընդհանուր խմբերի՝ խիստ բարձր, բարձր, ցածր և միջին:

«Մարդկային զարգացման ինդեքս» ամենամյա զեկույցում մեր երկիրը զբաղեցնում է 87-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը մեկ կետով ներքև է իջել աղյուսակում: Հարևան երկրների շարքում Հայաստանը 3 կետով առաջ է Թութքիայից:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ցուցակը գլխավորում է Նորվեգիան: Նրան հետևում է Ավստրալիան, ապա՝ ԱՄՆ-ն: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև հաջորդաբար՝ Նիդեռլանդները, Գերմանիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Ճապոնիան:

Նշենք, որ այս տարվա զեկույցը վերնագրվել է է «Հարավի աճը. Մարդկային առաջընթացը բազմազան աշխարհում» և ընդգրկել է 187 երկիր:

Հայաստանը իր հարևան բոլոր երկրների հետ հանդերձ մտնում է երկրորդ՝ «Բարձր մարդկային զարգացում» խմբի մեջ. Այս խմբում են ընդգրկված 48-ից 94-րդ տեղը զբաղեցնող երկրները:

Հարևան երկրներից ամենաբարձր դիրքում Վրաստանն է՝ 74-րդ տեղ, որն, ի դեպ, մեկ տարվա ընթացքում բարձրացել է 3 կետով: Վրաստանին հաջորդում է Իրանը՝ 76-րդ տեղ, այնուհետև՝ Ադրբեջանը՝ 82-րդ տեղ:

Մարդկային զարգացման ինդեքս 2013» զեկույցում ուշադրություն է դարձվում հարավի, մասնավորապես, հարավային և հարավարևելյան Ասիայի, Հարավային Ամերիկայի, ինչպես նաև Աֆրիկայի երկրների՝ մարդկային զարգացման համաշխարհային միտումներում արձանագրվող աճող դերակատարությանը և այդ երկրների առանձնահատկություններով պայմանավորված նոր մարտահրավերներին, ինչպիսին է օրինակ՝ պետության դերակատարության մեծացումը մարդկային զարգացման գործում:

Հիշեցնենք, որ «Մարդկային զարգացման զեկույցը» հրապարակվում է ամեն տարի, սկսած 1990թ.ից:

Թեև զեկույցը ընդհանուր պատկեր է ստեղծում այս կամ այն երկրում մարդկային զարգացման մակարդակի վերաբերյալ և ունի ուղենշային դերակատարություն՝ նաև տվյալ երկրում ներդրումներ կատարելու կամ գործունեություն սկսելու առումով, այնուամենայնիվ, զեկույցի վերաբերյալ կան նաև քննադատական տեսակետներ: Համաձայն դրանցից մեկի, օրինակ, զեկույցում ներառված չեն էկոլոգիական խնդիրները: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ՝ զեկույցն առավելապես արտացոլում է տվյալ երկրի և ոչ թե գլոբալ բնույթի խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում