Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովի մորը չեն թույլատրել տեսակցել որդուն
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի մորը չեն թույլատրել տեսակցել որդուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Բանտի տնօրինության կողմից բլոգերին տեսակցության իրավունք չտալը կալանքի տակ պահվող մարդկանց ազատությունների և իրավունքների կոպտագույն խախտում է, քանի որ դատապարտյալը իրավունք ունի շաբաթական մեկ անգամ տեսակցել իր հարազատներին»,- նշել է բլոգերի փաստաբանը:
Փաստաբանը ավելացրել է , որ եթե այդ անօրինական սահմանափակումը չհանվի, ապա ինքը կդիմի մարդու իրավունքների պաշտպանության համապատասխան ատյաններ:
Հուսեյնովն ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Ադրբեջանի իշխանություններն անօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում