Մեկնարկել է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթը

ՀՀ բնապահպանության նախարարությունում մեկնարկեց «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Panorama.am-ի հաղորդմամբ՝ մինչ մրցույթի սկսելը՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ իրենք թեկնածուների համար ապահովելու են անհրաժեշտ բոլոր միջոցները.

«Դիմորդների վրա ճնշում չգործադրելու նպատակով տրամադրել ենք դահլիճ, որտեղից բոլոր ցանկացողները, թեկնածուների կողմնակիցները հնարավորություն կունենան հետևելու մրցույթի ընթացքին»,- ասաց նախարարը:

Նշենք, որ Ավ.Իսահակյանի անվան գրադարանում տեղադրված մոնիտորով թե լրագրողները, թե քաղաքացիները հնարավորություն ունեն հետևելու մրցույթին: Սակայն բնապահաններն այս պահին բողոքում են, որ իրենց չեն թույլատրում բարձրանալ բնապահպանության նախարարություն: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը բնապահպաններին ասաց, որ իրեն էլ թույլ չեն տալիս ներս մտնել, քանի որ հանձնաժողովի անդամ չէ և իրավունք չունի ներկա գտնվել այն նույն սենյակում, որտեղ անցկացվումէ մրցույթը: Նա բնապահպաններին առաջարկեց միասին գնան նախատեսված դահլիճ և այնտեղից հետևեն մրցույթի ընթացքին, սակայն բնապահպանները նրան մերժեցին:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար 11 հայտ է ներկայացվել: Սակայն թեկնածուներից մեկը’Վարդան Մամիկոնյանը, չէր ներկայացել մրցույթին:

Բացի այդ, երկու թեկնածուի’ Ալբերտ Դումիկյանին և Արայիկ Կարապետյանին արգելեցին մասնակցել մրցույթին: Ըստ նախարարի’ Ալբերտ Դումիկյանը չունի ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև շուտով անցնելու է թոշակի, իսկ Ա.Կարապետյանին էլ չեն թույլատրում, քանի որ նա չունի համապատասխան աշխատանքային ստաժ:

Ինչ վերաբերում է մնացած թեկնածուներին, ապա Ա.Հարությունյանն ասաց, որ բոլորի մասին բարձր կարծիք ունի և նրանց մեջ կան արժանի թեկանածուներ:

Նախարարը նաև հայտնեց, որ մրցույթից դուրս մնացած թեկնածուների հետ կփորձեն հետագայում համագործակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում